Բաժիններ՝

Ավստրիական զարգացման համագործակցությունը և ՄԱԶԾ-ն կօժանդակեն ՀՀ-ում գյուղատնտեսական հաշվառման ծրագրի իրականացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում Ավստրիական զարգացման համագործակցության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև ստորագրվել է համաֆինանսավորման համաձայնագիր: Այն ստորագրել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը:

Համաձայնագրի նպատակն է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում 2014 թվականի գյուղատնտեսական հաշվառման ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը: Ալոիս Կրաուտը բարձր է գնահատել ՀՀ կառավարության գործունեությունը՝ Ավստրիական զարգացման համագործակցության և ՄԱԿ-ի գրասենյակի հետ գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագրի առաջին փուլի իրականացման գործում: Դեսպանը հույս է հայտնել, որ ծրագրի ավարտին կլինեն հավաստի բազային տվյալներ Հայաստանի գյուղատնտեսության վերաբերյալ, ինչը կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին՝ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքներին օժանդակելու և փորձագիտական աջակցություն ցուցաբերելու համար:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի խոսքով՝ այս ծրագիրը կրում է ռազմավարական բնույթ, ինչը կնպաստի գյուղատնտեսական հատվածում հետագա կարևորագույն որոշումների ընդունմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագրի իրականացումը և շնորհակալություն հայտնել Ավստրիական զարգացման համագործակցությանն ու ՄԱԿ-ի ՄԱԶԾ-ին ցուցաբերած օժանդակության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս