
Գյումրիում մայրը ցանկացել է 1000 դոլարով վաճառել նորածնին. հարուցվել է քրեական գործ

Հարուցվել է քրեական գործ՝ երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ։
2014 թվականի հոկտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դուստրը, լինելով հղի եւ միջոցներ չունենալով երեխային պահելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել Շիրակի մարզի մեկ այլ բնակչի հետ, որ երեխայի ծնունդից հետո նրան հանձնի երեխային՝ 1.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց: Երեխան ծնվել է սեպտեմբերի 18-ին եւ, պայմանավորվածության համաձայն, դուստրը երեխային հանձնել է նրան, սակայն վերջինս խոստացված գումարը չի վճարել։
Նկատի ունենալով, որ հաղորդումը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը):
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին