Քանի հոգու կարող են միաժամանակ տեղավորել Հայաստանի հյուրանոցները
Հայաստանում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների քանակը վերջին 5 տարիներին կրկնպատկվել է։ Այսպես, եթե 2009 թվականին հանրապետությունում հաշվվում էր 118 հյուրանոցային օբյեկտ, ապա 2013 թվականին այդ թիվը հասել է 229-ի։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2014» զեկույցի տվյալները։
229 հյուրանոցներից 75-ը բաժին են ընկնում Երևանին։ Մարզերի մեջ այս առումով առաջատար են Կոտայքն ու Տավուշը, որոնցից յուրաքանչյուրում կա 33 հյուրանոցային օբյեկտ։ Հատկանշանակ է, որ ԱՎԾ տվյալներով, հյուրանոցային օբյեկտներ չկան Արարատի և Արմավիրի մարզերում։
Նշենք նաև, որ Հայաստանում գործող հյուրանոցային օբյեկտների միաժամանակյա տարողությունը (մահճակալ/տեղ) նույնպես աճել է և 2013թ. գերազանցել 19000-ը։