«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ դեմ է եղել և դեմ է ՀՀ-ի անդամակցությանը Մաքսային և Եվրասիական տնտեսական միություններին

«Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ անկախության 23-րդ տարում Հայաստանի Հանրապետության անունից գործող իշխանությունները արեցին մի քայլ, որը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը՝ սահմանափակելով արտաքին քաղաքական որոշումների ընդունման շրջանակները, փակուղու դատապարտում տնտեսության զարգացումը՝ կասեցնելով ինքնուրույն ֆինանսատնտեսական որոշումների ընդունումը: Անցած մեկ տարվա ընթացքում այդպես էլ իշխանությունները չկարողացան պատասխանել պարզ հարցին՝ ո՞րն է ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին անդամակցության քաղաքական և տնտեսական նպատակահարմարությունը՝ ելնելով Հայաստանի՝ ԵՏՄ անդամների հետ ընդհանուր սահման չունենալու աշխարհագրական փաստից և ՀՀ-ի աշխարհաքաղաքական դիրքից:

Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը Հայաստանի Հանրապետության համար բացահայտորեն չի ապահովում նաև պետության անվտանգությունը, ՀԱՊԿ անդամների հրապարակային և իրական շահերի տարբերությունների մեջ անցած ամառ համոզվելու հնարավորություն ունեցանք բոլորս: Հայաստանի Հանրապետության անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Ազգային բանակն է:

Գործող իշխանությունների այս քայլի հետևանքով բացահայտորեն վտանգվում են նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ հաղորդակցության հնարավորությունները:

Անկախության 23-րդ տարում պետականության դեմ արված այս քայլը «Հանրապետություն» կուսակցությունը համարում է ոչ միայն սխալ, այլև՝ գործող Սահմանադրությանը հակասող: Մենք համոզված ենք, որ ՀՀ Ազգային ժողովը ոչ միայն իշխանության, այլև ոչիշխանության ձեռամբ խորհրդարանում արագորեն վավերացնելու է ԵՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության համաձայնագիրը: Մենք կոչ չենք անում ԱԺ պատգամավորներին համաձայնագիրը չվավերացնել, որովհետև միանգամայն համոզված ենք, որ պետության ու ժողովրդի իրական շահերի դեմ ուղղված ցանկացած համաձայնագիր չի կարող երկար կյանք ունենալ:

«Հանրապետություն» կուսակցությունը վստահ է, որ ժողովրդավարական Հայաստանի իշխանության առաջին քայլերը ուղղվելու են Սահմանադրության գերակայության վերականգնմանը, հետևաբար բազում համաձայնագրերի ու պայմանագրերի վերանայմանն ու չեղյալ հայտարարելուն, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության ԵՏՄ-ի անդամակցության:

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ դեմ է եղել և դեմ է Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Մաքսային և Եվրասիական տնտեսական միություններին: Մենք չենք կարող ու իրավունք չունենք ընտրել դեպի անցյալ տանող ճանապարհը, մենք պարտավոր ենք առաջ նայել»:

«Հանրապետություն» կուսակցության
քաղաքական խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս