«Նման նախագիծ վաղուց կա. ՕԵԿ-ն ուշացել է». Անահիտ Բախշյան
Ազգային ժողովի «Օրինաց երկիր» (ՕԵԿ) խմբակցության երեք անդամների հեղինակությամբ խորհրդարանի քարտուղարություն մուտք է արվել օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում: Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը և Լևոն Դոխոլյանն առաջարկում են բուհ ընդունվելը դարձնել առանց ընդունելության քննության և առանց մրցույթի:
168.am-ի այն հարցին, թե այս նախագիծն արդյոք պոպուլիստական չէ՞, ՕԵԿ-ի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, եկեք հնարավորություն տանք մեր այն քաղաքացիներին, ովքեր ցանկություն ունեն բուհերում սովորելու, որ գնան սովորեն: Երբ մենք հետևողականորեն պայքարում էինք, որ մեր քաղաքացիներն ավանդների փոխհատուցում ստանան, շատերն ասում էին, որ դա պոպուլիստական հայտարարություն է: Եվ հիմա, երբ շուրջ 65.000 ընտանիք օգտվել է ավանդների փոխհատուցումից, անունն ինչ ուզում են՝ դնեն: Այո, հիմա էլ անունն ինչ ուզում եք՝ դրեք, մենք նախագիծ ենք առաջարկում, որ մեր երկրում քննությունները վերացվեն: Խոսքը չի վերաբերում պետպատվերին և տարկետման իրավունքին, որոնք մրցույթով պետք է լինեն: Հետագայում առանց քննությունների ընդունված ուսանողը հնարավորություն կունենա ներբուհական մրցույթների մասնակցելու: Այսօր բուհական համակարգում 6000 թափուր տեղ կա»:
Այս նախագծի մասին զրուցեցինք նաև կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ, ով ասաց, որ նման նախագիծ վաղուց կա, և ՕԵԿ-ն ուշացել է:
«Գործող նախարարն էլ է դա անընդհատ ասում, և աստիճանաբար գնում ենք դրան: Ես ինքս դրան կողմնակից եմ ու պատգամավոր եղած ժամանակ բարձրաձայնել եմ, թե՝ հանրակրթության որակը բարձրացրեք, վերահսկողությունը մեծացրեք, որ վստահենք դպրոցների տված ատեստատներում եղած գնահատականներին, այլ ոչ թե բոլորս ասենք՝ հա, գիտենք՝ ինչպես եք ստանում: Բուհը թող դնի իր շեմը, թե ինչպիսի գնահատականով է այս կամ այն մասնագիտությամբ դիմորդ ընդունում: Դիմորդին ընդունի, կազմակերպի կրթությունը, առաջին կիսամյակից հետո կոշտ ու անկաշառ ձևով անցկացնի գիտելիքների ստուգում. ով հանձնեց՝ թող մնա, ով չհանձնեց՝ թող դուրս գա: Սա շատ ճիշտ քաղաքականություն է, բայց ՕԵԿ-ն ուշացած է ասում»,- ասաց Անահիտ Բախշյանը: