Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր է նման ոճրագործությունների հետագա կանխարգելման համար. Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության պետությունների խորհրդի առաջին փոխնախագահ Կլոդ Հեշի հետ:
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-շվեյցարական հարաբերությունների ներկա մակարդակը: Նա արձանագրել է, որ երկկողմ համագործակցության հարցում առանձնահատուկ տեղ է վերապահվում խորհրդարանական կապերին: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են պատգամավորական բարեկամության խմբերի ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեության շարունակականությունը, ինչպես նաեւ փոխայցերի անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Շվեյցարիայի հավասարակշռված դիրքորոշումը հիմնախնդրի հարցում: Նա գոհունակությամբ նշել է, որ 2012 թվականին Հայաստան այցելած հայ-շվեյցարական բարեկամության խումբը մեկնել է նաեւ Լեռնային Ղարաբաղ: ԱԺ փոխնախագահը նկատել է՝ շվեյցարացի պատգամավորների քայլը վերահաստատել է, որ Շվեյցարիան հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով:

Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Արցախ այցելած յուրաքանչյուր պատվիրակություն կամ անձ հնարավորություն ունի ականատես լինելու ԼՂՀ փաստացի անկախ պետություն լինելու իրողությանը, որի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման իրավունքի ճանաչման համար:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ցյուրիխի միջնորդությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: Նա նկատել է, որ Թուրքիան շարունակում է մերժել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ խոսել նախապայմանների լեզվով:

Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից բանաձեւի ընդունման համար: Նա նշել է, որ նման ոճրագործությունների ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր է դրանց hետագա կանխարգելման համար: ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել առաջիկայում Ժնեւի Արիանա այգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշատակի լապտերներ» հուշարձանի տեղադրման կապակցությամբ:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Կլոդ Հեշին հրավիրել է մասնակցելու Երեւանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

 

Տեսանյութեր

Լրահոս