«Մարդը՝ կարիքի մեջ»
Պրահայի Խաղաղության հրապարակում «Մարդը` կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունն օրերս կազմակերպել էր թատերականացված բողոքի ակցիա` Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին սատարելու նպատակով: Ակցիայի մասնակիցները, այդ թվում` Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչներ, մի շարք հայտնի չեխ քաղաքական գործիչներ, Պրահայի քաղաքապետը պահանջել են ազատ արձակել Ադրբեջանի բանտերում պահվող ավելի քան 100 քաղբանտարկյալների:
Բեմականացումն արտացոլել է Ադրբեջանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները՝ քաղբանտարկյալների թվի ավելացումը, կառավարության կողմից ընդդիմախոսների դեմ ճնշումների գործադրումը: Հրապարակում տեղադրվել էին բեմական բանտախցեր՝ պատված քաղբանտարկյալների նկարներով և Ադրբեջանի դրոշով: Դերասան-ոստիկանները «ձերբակալել» են ցուցարարներին և նետել բանտ:
Շուրջ 80 բացիկներ ուղարկվել են ադրբեջանական բանտեր՝ աջակցելու այն մարդկանց, ովքեր արդարության համար պայքարելու արդյունքում այժմ հայտնվել են ճաղերի հետևում: Ադրբեջանի նախկին քաղբանտարկյալ Էմին Միլլին կոչ է արել եվրոպական այլ մայրաքաղաքներում ևս նմանատիպ միջոցառումներ կազմակերպել:
«168 Ժամի» հետ զրույցում մեկնաբանելով այս ակցիան՝ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը նշեց, որ այն եզակի բնույթ չի կրում: «Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակի վերաբերյալ բազմիցս արտահայտվել է ՀՀ բարձրագույն ղեկավարությունը, և տրամաբանական է, որ ՀՀ դեսպանի տեսակետը չի կարող տարբերվել»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը՝ կարելի է ակնկալել, որ նմանատիպ ակցիաները կշատանան: