Մեկ դոլարով նավթի գնի յուրաքանչյուր նվազումը Ռուսաստանի համար արժենում է 2 միլիարդ դոլար
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի բյուջեն մեկ բարել նավթի համաշխարհային գինը մեկ դոլարով նվազելու դեպքում կորցնում է 80 միլիարդ ռուբլի: Այս մասին հայտարարել է Ռազմավարական երկարաժամկետ պլանավորման դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Օրեշկինը:
Գործակալությունը հիշեցնում է, որ երբ 2009 թվականին մեկ բարել նավթի գինն ընկավ մինչև 61.30 դոլարի, ռուսական բյուջեի դեֆիցիտը կազմեց 5.9 տոկոս, քանի որ այն կառուցված էր մեկ բարելի համար 98 դոլար գնի հիման վրա:
Գործակալությունը հիշեցնում է նաև, որ Brent տիպի նավթի գինը հունիսից ընկել է ավելի քան 20 տոկոսով՝ Ռուսաստանին զրկելով միլիարդավոր դոլարներից: Ռուսական «Սբերբանկը» հաշվարկել էր, որ երկրի բյուջեում կգրանցվի դեֆիցիտ, եթե նավթի գինն ընկնի մեկ բարելի համար 104 դոլարից: 90 դոլար գնի դեպքում դեֆիցիտի չափը կազմում է ՀՆԱ-ի 1.2 տոկոսը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսներն էժանացել են մինչև մեկ բարելի դիմաց 83.40 դոլարի, իսկ WTI-ինը՝ մեկ բարելի համար 81 դոլարից էլ պակաս: