«Այո, Սուրիկ Խաչատրյանը պաշտպանության կարիք չունի, նա գիտի որ կարող է մարդ սպանել ու չպատժվել»

«Ես շատ ողջունում եմ, շատ էլ ընդունելի է ինձ համար եռյակի միացումը, բայց եթե քաղաքական առումով մտածում ես՝ մեկը լրիվ ձախակողմյան գաղափարախոսության է, այն երկուսը՝ միասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը՝ խոսելով եռյակի հանրահավքի մասին:

Ըստ Վ. Այվազյանի՝ ուժերը միանում, երբ իրենց իշխանություն է պետք. «Այսինքն՝ ժողովրդի խնդիրը իրենց չի հուզում, իրենց իշխանություն է պետք»:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն էլ կարծում է, որ քաղաքական ուժերը միացել են, քանի որ պետությունն է վտանգված.

«Բոլոր ուժերն էլ պետք է միանան: Այ, երբ որ դուք Սուրիկ Խաչատրյան նշանակեցիք, դրանից հետո հասկանալի էր, որ դուք մի նպատակ ունեք՝ երկիրը լցնել մարդասպաններով ու մնացածին քշել այս երկրից»:

Ի պատասխան Վ. Այվազյանն ասաց, որ ինքը չէ, որ պետք է պաշտպանի Սուրիկ Խաչատրյանին. «Ինձ թվում է՝ Սուրիկ Խաչատրյանն ինքն իր պաշտպանության հետ խնդիր չունի»:

Գ.Իսագուլյանն էլ այսպես արձագանքեց. «Այո, չունի, նա գիտի որ կարող է մարդ սպանել ու չպատժվել»:

Տեսանյութեր

Լրահոս