
Նորվեգիան դարձավ Եվրոպայի առաջին երկիրը, ուր կանանց համար պարտադիր է դարձել զինծառայությունը

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ նորվեգացի կանայք պարտադիր զինծառայության կանցնեն բանակում: Նորվեգիայի խորհրդարանն այսօր հավանության է արժանացրել համընդհանուր զինապարտության մասին օրենքը:
Թագավորությունում 1997 թվականին և ավելի ուշ ծնված կանայք պարտադիր զինծառայության կանցնեն 19 տարեկան հասակում: Այդպիսով, Նորվեգիան դարձավ Եվրոպայի առաջին երկիրը, ուր պարտադիր զինծառայությունը վերաբերվում է նաև կանանց:
Ընդ որում՝ զորակոչային տարիքը լրանում է 44 տարեկանում: Զինծառայության ժամկետը կազմելու է 7-19 ամիս: Ներկայումս երկրի զինված ուժերում կանանց մասնաբաժինը չի գերազանցում 13 տոկոսը: Ցայժմ Նորվեգիայում, ինչպես և Եվրոպայի երկրների մեծ մասում, կանայք կարող էին կամավոր զինծառայության անցնել զինված ուժերում:
Կանանց համար համընդհանուր զինապարտություն է մտցված Իսրայելում, ԿԺԴՀ-ում ու Մալայզիայում: