Փոխհատուցման համար կդիմեն Հայաստանին, սակայն կփոխհատուցի ԵՏՄ-ն
Եվրասիական տնտեսական միության ընդհանուր մաքսատուրքերը կազմում են մոտ 26 մլրդ դոլար և, եթե Հայաստանը ստանալու է դրա 1.13%-ը, ապա դա կազմում է այսինքն մոտ 293 մլն դոլար, որը 2.5-3 անգամ գերազանցում է այն ցուցանիշը, որը ՀՀ-ն հավաքում է ներկայումս՝ 105 մլն դոլար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ բացի դա, ՀՀ-ն նաև երրորդ երկրներից ներկրմրան գծով մաքսատուրքն է ստանալու:
«Հայաստանը բացարձակ թվով շահում է այս մասով: Բայց միայն այդ թվի հիման վրա գնահատական տալը շատ պարզունակ կլինի, քանի որ կա զգայուն ապրանքների, գնաճի, սպառողական ապրանքների վրա ադեցության, երրորդ երկրների փոխհատուցման խնդիր»,- ասաց Մ.Մելքումյանը:
Նա նշեց, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, 2015-ից գործելու է ԵՏՄ մաքսատուրքը, որն ավելի բարձր է ներկայումս գործողից, իսկ այդ դեպքում երրորդ երկրները փոխհատուցում կարող են պահանջել, որը ՀՀ-ի փոխարեն տալու է ԵՏՄ-ն. «Իրավական դաշտում փոխհատուցման համար դիմելու են ՀՀ-ին, որովհետև ԱՀԿ անդամը Հայաստանի Հանրապետությունն է, բայց ընդհանուր փոխհատուցումների ռեժիմից ելնելով՝ պայմանագրում պետք է դրույթ լինի, որ փոխհատուցումները դրվի ընդհանուր տնտեսական տարածքի վրա, ոչ թե առանձին սուբյեկտի: Որովհետև եթե ընդհանուր խաղի կանոններ են սանկցիաների ու օգուտների մասով, ապա ընդհանուր տարածքը պետք է արձագանքի, ոչ թե մի մասով օգուտ ստանաս, մյուսով վնասը չկրի»: