Չիչխան. բուժում է ոչ միայն պտուղը
Բուժիչ նամակներ
Չիչխանի քիմիական բաղադրությունը և բուժիչ հատկությունները նկարագրել եմ բուժիչ նամակների` «Չիչխանը, որպես բացառիկ դեղամիջոց» նյութում («168 Ժամ», նոյեմբերի 19. 2013թ.)։
ՀՀ բնական պայմաններում աճող հատապտուղները բազմաթիվ են, սակայն չիչխանն իր բարձր պտղաբերությամբ և բուժիչ հատկություններով գերազանցում է այլ հատապտուղներին։
Չիչխանի յուղը
Պտղից ստացված յուղը վառ նարնջագույն է, իսկ սերմից ստացվածը` դեղնավուն. դրանք տարբերվում են նաև քիմիական բաղադրությամբ։
Ճարպայուղեր է պարունակում նաև բույսի կեղևը (մինչև 3 %), որի քիմիական բաղադրությունը և քիմիական հատկություններն այլ են, քան պտղինը և սերմինը։
Պտղից ստացված յուղը պարունակում է 0,35 % կարոտին և այլ կարոտինոիդներ, մեծ քանակությամբ` 0,165 % տոկոֆերոլներ, տիամին և ռիբոֆլավին, նաև զգալի քանակությամբ վիտամին F, որը կարգավորում է մաշկի նյութափոխանակությունը։
Չիչխանի յուղը նախատեսված է և՛ ներքին, և՛ արտաքին օգտագործման համար։ Ունի ցավազրկող ազդեցություն, վերքամոքիչ և հակաբորբոքային հատկություններ, ինչի շնորհիվ լայնորեն կիրառվում է վիրաբուժական, այրվածքաբանական և գինեկոլոգիական բնագավառներում։
Չիչխանի յուղն անփոխարինելի միջոց է ռինիտի, ֆարինգիտի, լարինգիտի, տոնզիլիտի, պարոդոնտոզի, ստոմատիտի դեպքում։
Չիչխանի յուղը նպաստում է հյուսվածքների վերականգնմանը և կարգավորում է նյութափոխանակությունը, խորհուրդ է տրվում խմել կերակրափողի և ստամոքսի խոցի դեպքում։
Ժողովրդական դեղատոմսեր
- Որքին. Տրորեք թարմ պտուղը կամ բաժանեք 2 մասի և քսեք մաշկի հիվանդ մասին։
- Փսորիազ. Խառնեք չիչխանի 100 գ չոր պտուղ և 1 ճ/գ երիցուկի ծաղիկ։
Հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 10-15 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 100 մլ կաթ, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը, 10 րոպե թրմեք փակ կափարիչի տակ։ Մշակեք մաշկը սառը թուրմով։ Երիցուկի փոխարեն կարելի է օգտագործել ծիծեռնախոտ, որը նույնպես ունի հանգստացնող հատկություն, ընդամենը 1 ճ/գ։
Գործողությունը կատարելուց հետո մաշկը պետք է մշակել չիչխանի յուղով։
- Էկզեմա. Խառնեք եղեսպակի տերև, մատուտակի արմատ, հազարատերևուկի խոտ, չիչխանի տերև (3։3։3։2)։ 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Մզեք հումքը,խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուելուց առաջ։
- Խառնեք հավասար քանակությամբ կատվալեզվի խոտ, եղինջի խոտ, մատուտակի և չիչխանի արմատներ։ 2 ճ/գ հումքը լցրեք 300 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ ուտելուց առաջ։
- Տրոֆիկ խոցեր. Մանրացրեք, խառնեք 30-ական գրամ երիցուկի ծաղիկ, սրոհունդի խոտ, չիչխանի պտուղ, 5-7 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Քամեք։ Հումքը լցրեք թանզիֆե պարկիկի մեջ, տեղադրեք վերքի վրա և ամրացրեք։
- Ստամոքսահյութի բարձր թթվայնություն. Աղացեք չիչխանի տերևը, զտեք հյութը, խառնեք չիչխանի պտղահյութի և կաթի հետ (1։1։2)։ Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ ուտելուց առաջ, 1 ճ/գ մեղրի հետ։
- Ստամոքսի խոց. Խմեք 1-ական ճ/գ չիչխանի պտղի հյութ` օրը 3 անգամ, ուտելուց 40 րոպե առաջ։
- Կերակրափողի ուռուցք. Խմեք 1-ական ճ/գ չիչխանի յուղ` օրը 2-3 անգամ։ Խորհուրդ է տրվում ճառագայթային թերապիայի ընթացքում և բուժումից հետո` 15-20 օր։
- Լուծ. Խառնեք 10-ական գրամ չիչխանի մանրացրած տերև և մատղաշ ճյուղ։ Լցրեք 250 մլ եռջրի մեջ, 20 րոպե եփեք միջին կրակի վրա, քամեք։ Խմեք 2-ական թ/գ, օրը 4 անգամ։
- Անեմիա. Կերեք չիչխանի պտուղ կամ չիր։
- Խառնեք չիչխանի տերևը և ճյուղը, 1 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք սառը կամ գոլ վիճակում։
- Հոդատապ. Չիչխանի 1 ճ/գ տերևը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
- Գրիպ. Չիչխանի 20 գ թարմ կամ սառեցրած պտուղը 24 թրմեք 500 մլ օղու մեջ։ Խմեք 50-ական մլ` օրը 3-5 անգամ, ուտելուց հետո։
- Զգուշացում։ Հակացուցված է լյարդի հիվանդությունների, ենթաստամոքսային գեղձի և լեղապարկի բորբոքման (պանկրեատիտ և խոլեցիստիտ), նաև 12-մատնյա աղիի հիվանդությունների դեպքում։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: