Եռյակը հրավիրում է գործողությունների հանրահավաք

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին կարելի է շատ բաներում մեղադրել, սակայն ոչ համեստության պակասի: Երեկ ՀԱԿ խմբակցության իր աշխատասենյակում նա հրավիրված ասուլիսի ժամանակ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրահավաքն անվանեց 1988-ից ի վեր տեղի ունեցած ամենամարդաշատ հանրահավաքներից մեկը, որը «ցնցեց քաղաքական լանդշաֆտը»: Եթե Լևոն Զուրաբյանը մի փոքր անհամեստ լիներ, նա կարող էր հայտարարել, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը հայ ժողովրդի պատմության մեջ երբևէ տեղի ունեցած հանրահավաքների մեջ ամենամարդաշատն էր, և այն իր ուժգնությամբ ցնցեց ոչ միայն ՀՀ քաղաքական լանդշաֆտը, այլ ընդհանրապես Հայկական լեռնաշխարհն ու հարակից տարածաշրջանները:

Բայց սա դեռ ամենը չէ. հոկտեմբերի 24-ին եռյակը պատրաստվում է նոր հանրահավաք հրավիրել, և եթե նախորդ հանրահավաքը Լևոն Զուրաբյանը անվանում է «միասնական գնահատականի հանրահավաք», ապա հոկտեմբերի 24-ի հանրահավաքը լինելու է «միասնական անելիքի հանրահավաք»: Թե որն է այն միասնական անելիքը, որը պատրաստվում են իրագործել հանրահավաքի կազմակերպիչները, Լ Զուրաբյանը չի հրապարակայնացնում` առաջարկելով գալ հրապարակ և մասնակցել հանրահավաքին:

Զարմանալին այն է, որ չնայած ՀԱԿ փոխնախագահի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին տրված գնահատականների («Մեծ հույս է արթնացրել ժողովրդի մեջ, ժողովուրդը համբերություն չունի, և մենք ժամանակ չունենք սպասելու, և սկսում ենք մի գործընթաց, որը չի կարելի ձգձգել»), հաջորդ հանրահավաքը հրավիրվում է նախորդից երկու շաբաթ հետո: Թե ինչու այդքան ուշ, որևէ բացատրություն Լևոն Զուրաբյանը չտվեց:

Լևոն Զուրաբյանն ասում է, որ իրենց գնահատականը մնում է նույնը. «Սերժ Սարգսյանի իշխանությունը սպառված է, Հայաստանում պետք է ձևավորել մի իշխանություն, որը կարող է լուծել Հայաստանի առջև դրված խնդիրները»: Չնայած ՀԱԿ-ը և գործընկեր կուսակցությունները որևէ առաջարկ չեն ակնկալում իշխանությունից, սակայն կարծում է, որ եթե իշխանությունն այս ներկայացված խնդիրների հետ կապված ասելիք ունի, ապա ունի շատ կարճ ժամանակ` այն եռյակին ներկայացնելու համար: Այդ ասելիքը, ըստ Զուրաբյանի, պետք է վերաբերի նրան, «թե մենք ինչպես կարող ենք կազմակերպել իշխանության անցումային անցնցում փոխանցման գործընթացը»: Պարզ ասած, Զուրաբյանն իշխանությանը 11 օր ժամանակ տվեց՝ գալու և հայտնելու, թե ինչպես են իրենք պատրաստվում իշխանությունը փոխանցել եռյակին, այլապես եռյակը հոկտեմբերի 24-ից սկսած կիրականացնի իր ծրագիրը:
Այն հարցին, թե հնարավոր է, որ հոկտեմբերի 24-ից սկսվեն շուրջօրյա հանրահավաքներ, Լ Զուրաբյանը պատասխանեց, որ իրենք իրականացնելու են Սահմանադրությամբ նախատեսված բողոքի բոլոր միջոցառումները, այդ թվում՝ երթեր, ցույցեր, նստացույցեր և շուրջօրյա հանրահավաքներ:

Կարդացեք նաև

ՀԱԿ-ում իսկապես մեծ ոգևորության կա, քանի որ այս կուսակցության ներկայացուցիչները մինչև վերջին պահը չեն հավատացել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կգնա «Ազատության» հրապարակ և կկանգնի հարթակում: Հիմա նրանք տոնում են իրենց հաղթանակը, քանի որ համարում են, որ Ծառուկյանն այլևս հետդարձի ճանապարհ չունի և պետք է գնա մինչև վերջ: Իսկ դա նշանակում է, որ իրենք կարող են իրենց թույլ տալ կազմակերպել շուրջօրյա հանրահավաքներ և այլ զանգվածային միջոցառումներ, որը բավական ծախսատար գործ է:
ՀԱԿ-ում հասկանում են, որ իշխանությունն ինքնակամ չի գա և խնդրի, որ ՀԱԿ-ը և նրա ղեկավարները զբաղվեն նոր իշխանության ձևավորմամբ: Բայց այնտեղ համոզված են նաև, որ շուրջօրյա հանրահավաքների արդյունքում հնարավոր կլինի հավաքել մի այնպիսի կրիտիկական զանգված, որի միջոցով հնարավոր կլինի ստիպել իշխանությանը հրաժարական տալ:

Շուրջօրյա հանրահավաքների և մարդաշատ հրապարակների միջոցով իշխանափոխության հասնելու ամենաթարմ օրինակը ՀԱԿ-ում համարում են Ուկրաինայում այս տարվա գարնանը տեղի ունեցած իրադարձությունները, սակայն չեն ցանկանում համեմատություն անցկացնել Կիևի Մայդանի հետ երկու պատճառով: Առաջինը` Մայդանում սպանվեցին մի քանի հարյուր ուկրաինացի ցուցարարներ և իրավապահներ, և այդ մարդկանց մահն այնտեղ տեղի ունեցած իշխանափոխության գինն էր:

Բայց կա ավելի կարևոր հանգամանք. Մայդանի հանրահավաքները սկիզբ առան այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը հրաժարվում է ստարագրել Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագիրը: Ուկրաինացի ցուցարարները տապալեցին Յանուկովիչին և Ուկրաինան տարան եվրոասոցիացման ճանապարհով: Հայաստանում իշխանափոխություն իրականացնել փորձող ուժերը հայտարարում են, որ իրենք արտաքին քաղաքական խնդիրներ չեն դնում և ընդամենը ցանկանում են Հայաստանում ձևավորել ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, որն ինքը կորոշի, թե Հայաստանը որ ուղղությամբ գնա: Ավելին, նրանք իրենց հավատարմությունն են հայտնում հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը, և վստահեցնում են, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունն այլընտրանք չունի: Ռուսաստանում այս հավաստիացումներին կարծես այնքան էլ լուրջ չեն վերաբերվում և ռուսական տարբեր լրատվամիջոցներ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրահավաքն անվանում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ հանրահավաք:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այդ հրապարակումները համարում է Հայաստանի իշխանությունների գործունեության արդյունք: Ինչպես հայտնի է, ռուսական լրատվամիջոցները գտնվում են ռուսական իշխանության աչալուրջ հսկողության տակ, և այնտեղ հրապարակել տեղեկություններ և վերլուծություններ, որոնք չեն համապատասխանում իշխանության պաշտոնական դիրքորոշման հետ, շատ դժվար է, եթե չասենք` անհնարին:

 

Տեսանյութեր

Լրահոս