
ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 50 ցուցարարի

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 50 մարդու, որոնք մասնակցել են հոկտեմբերի 10-14-ին կազմակերպված «Ֆերգյուսոն-հոկտեմբեր» բողոքի ակցիային:
Ոստիկանության հաղորդմամբ՝ 42 մարդ ձերբակալվել է քաղաքի ոստիկանատան մուտքերը փակելու համար: Եվս 6 մարդ ձերբակալվել է քաղաքի փողոցներից մեկը փակելու համար: Բացի այդ, բողոքի ակցիայի մեկ մասնակից էլ ձերբակալվել է Սենտ Լուիսի քաղաքապետարանի շենքի առջև:
Սենտ Լուիսում ու նրա արվարձան Ֆերգյուսոն քաղաքում բողոքի ակցիաները կապված են ոստիկանների կողմից սևամորթ դեռահասների սպանությունների հետ: Նախորդ շաբաթ ոստիկանները սպանել էին Վոնդերիտա Մայերս-կրտսերին, իսկ օգոստոսին՝ Մայքլ Բրաունին: