Շոյգուի այցը Բաքու կապված է ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց Ադրբեջանի դժգոհության հետ. աղբյուր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Բաքվում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի վարած բանակցությունների մի մասն առնչվել է սպառազինության մատակարարումներին: Այս մասին հայտնում է ռուսական Коммерсант թերթը: 

Վերջինիս ռազմական աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացումն ընթանում է բավական արդյունավետորեն. միայն 2010-2012 թվականներին ստորագրվել են մոտ 4 միլիարդ դոլարի պայմանագրեր, իսկ «Ռոսօբոռոնէքսպորտի» գծով սպառազինության մատակարարումների ընդհանուր ծավալը մինչև տարեվերջ կարող է հասնել մոտ 5 միլիարդ դոլարի:

Աղբյուրը հավելել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի գնմամբ, որն արդեն իսկ առկա Ռուսաստանի Կասպյան նավատորմի սպառազինությունում:

Turan-ն ընդգծում է, որ թերթի այս հաղորդումից կարելի է եզրակացնել, որ 2014 թվականին Ադրբեջանը Ռուսաստանից գնի 1 միլիարդ դոլարի սպառազինություն (Turan-ն այս նյութը վերնագրել է հետևյալ կերպ. «Ադրբեջանը 5 տարում Ռուսաստանից կստանա 5 միլիարդ դոլարի սպառազինություն» – 168.am):

Կրեմլին մոտ կանգնած թերթի աղբյուրը հայտնել է, որ Մոսկվան ձգտում է հարթել ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար այն բացասական հետևանքը, որն առաջանում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալուց: Հայաստանն այդ պայմանագիրը ստորագրել է հոկտեմբերի 10-ին:

Աղբյուրի խոսքերով՝ ընթացիկ տարվա գարնանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ընդգծելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, ինչպես նաև Բաքվի ու Մոսկվայի միջև կապերի վրա այդ քայլի բացասական հետևանքների մասին:

Տեսանյութեր

Լրահոս