
«Իսլամական պետության» մասշտաբային հարձակման մեկնարկից հետո Թուրքիան զենք է ուղարկել մեզ. Բարզանի

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին առաջին անգամ հայտարարել է, որ Թուրքիան օգնության կարգով զենք է ուղարկել իրենց:
Բարզանին մանրամասնել է, որ երբ Իրաքում իր մասշտաբային հարձակումն է սկսել «Իսլամական պետություն» խմբավորումը, իրենք ռազմական օգնություն են ստացել նախ Իրանից, ապա՝ Թուրքիայից:
Բարզանին ընդգծել է, որ Թուրքիայի իշխանությունները չեն ցանկացել, որ այդ մասին հրապարակվի Թուրքիայի նախագահական ընտրություններից առաջ. ««Իսլամական պետության» հարձակումից հետո իրանցիները մեզ երկու ինքնաթիռ զենք ուղարկեցին: Այդ պահի համար դա մեծ օգնություն էր:
Ուրիշներից էլ ստացանք օգնություն: Թուրքիան ավելի ուշ ուղարկեց, սակայն ելնելով երկրի ներքին իրավիճակից՝ չցանկացավ հնչեղություն հաղորդել դրան: Այն ժամանակ Թուրքիայում սպասվում էին նախագահական ընտրություններ և «Իսլամական պետության» մոտ պահվում էին թուրք պատանդներ»:
Բարզանին հայտարարել է, որ ներկայումս իրենք Թուրքիայից ավելի ազդեցիկ դիրքորոշում են ակնկալում «Իսլամական պետության» դեմ պայքարում, սակայն դրա հետ մեկտեղ հասկանում են նրանց խնդիրները: