Վահրամ Բաղդասարյան. Նրանց ճանապարհը մինչև այնտեղ է, երբ գա այն ընտրությունը, թե ով պետք է լինի առաջին դեմքը

«Սկզբից ուլտիմատումներով է խոսում, պահանջներ է դնում, հետո պահանջները փոխվեցին առաջարկության, հիմա էլ ասում են՝ դուք առաջարկություն արեք: Մենք բազմիցս ասել ենք՝ եթե կա խնդիր, եթե կա քննարկելու հարց, մենք պատրաստ ենք քննարկելու: Էս մարդիկ լրիվ ուրիշ բան են ուզում, ասում են՝ մենք իշխանություն ենք ուզում, որևէ քննարկում չենք ուզում, մենք ենք ուզում լինել իշխանություն: Գիտեն, որ ընտրություններով չեն անցնի, առանց ընտրության, առանց որևէ բանի իշխանություն են ուզում: Այդպես չի լինի: Մի մասն ասում է՝ մենք չենք եղել, ուզում ենք լինել, մի մասն ասում է՝ եղել ենք, լավ բան ա, նորից ենք ուզում լինել: Մենք երկիր ենք կառուցո՞ւմ, վիճաբանության մասին ենք մտածո՞ւմ, թե՞ այստեղ մրցույթ է, թե ով պետք է իշխանություն լինի: Հիմա ի՞նչ առաջարկության են սպասում: Մի կողմից ասում է՝ իշխանությունը թող առաջարկություն անի, մյուս կողմից ասում է՝ հաջորդ հանրահավաքին ես կասեմ իշխանափոխության ծրագիրը: Այսինքն ի՞նչ՝ ինքը ծրագիրն է մշակո՞ւմ, թե՞ սպասում է առաջարկների, թե՞ ցանկանում են նստել երկխոսության»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, որ երկխոսության և փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից:

Վ.Բաղդասարյանը նկատեց, որ հարթակում կանգնած տարբեր քաղաքական ուժեր տարբեր կարծիքներ էին հայտնում. «Թող իրենք հասկանան՝ ինչ են ուզում, հայտարարեն, նոր մտածենք, եթե քննարկելու խնդիր կա, կարող ենք քննարկել: Իսկ մենք առաջարկություն անելու ցանկություն չունենք, մենք մեր գործն ենք անում»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականներից Առաքել Մովսիսյանը ասել էր, թե Գագիկ Ծառուկյանը «իշխանափոխություն» բառ չի ասի, բայց թեև նա այդ բառը չասաց, սակայն հարթակում էր նրանց հետո, ովքեր այդ մասին հայտարարում էին, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ իհարկե, իշխանափոխություն չի կարող չլինել, 2018 թ. կլինի: Նա մաղթեց, որ ընդդիմությունը չքայքայվի, լինի ամուր ընդդիմություն, որ իշխանությունը զգոն լինի. «Եվ ես դա անկեղծ եմ ասում: Բայց Դուք չեք պատկերացնո՞ւմ, որ հնարավոր չէ այդ միասնությունը: Նրանց ճանապարհը մինչև այնտեղ է, երբ գա այն ընտրությունը, թե ով պետք է լինի առաջին դեմքը: Դրանից հետո նրանց ճանապարհը տարբեր ուղղություններով է գնում»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս