Նախարարությունները կես տարում գործուղումների վրա ծախսել են ավելի քան 1 մլն դոլար

«168 Ժամը» ՀՀ բոլոր նախարարություններից հետաքրքրվել է՝ որքան գումար են ծախսել նրանք ՀՀ տարածքում և արտերկրում գործուղումների վրա 2013թ. և 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին:

ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ 2013թ. պետական բյուջեից ՀՀ տարածքում գործուղումների վրա ծախսվել է 4 միլիոն 585.7 հազար դրամ, իսկ ՀՀ տարածքից դուրս՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների վրա` 5 միլիոն 859.4 հազար դրամ: 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին պետական բյուջեից ՀՀ տարածքում գործուղումների վրա ծախսվել է 2 միլիոն 95.6 հազար դրամ, իսկ արտասահմանյան պաշտոնական գործուղումների վրա՝ 187.4 հազար դրամ:

ՀՀ արտաքին գործերի նախարարության գործուղման ծախսերը 2013թ. ընթացքում կազմել են 295 միլիոն 479.4 հազար դրամ, որից 295.3 միլիոնը՝ արտերկրում: 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ արտաքին գործերի նախարարության գործուղման ծախսերը կազմել են 157.1 միլիոն դրամ, որից 11 հազար դրամը` ՀՀ տարածքում:
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ 2013թ. ներքին գործուղումների վրա ծախսվել է 4 միլիոն 577.9 հազար դրամ, որից արտասահմանյան գործուղումների վրա՝ 2 միլիոն 334.4 հազար դրամ: 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին նախարարությունը ներքին գործուղումների վրա ծախսել է 4 միլիոն 365.0 հազար դրամ, իսկ արտասահմանյան գործուղումների վրա այդ ընթացքում գումար չի ծախսվել:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2013թ. ընթացքում տեղական գործուղումների վրա ծախսել է 11 միլիոն 797.1 միլիոն դրամ, իսկ արտասահմանյան պաշտոնական գործուղումների վրա՝ 59 միլիոն 300.39 հազար դրամ: 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին նախարարության կողմից տեղական գործուղումների վրա ծախսած գումարը կազմել է 3 միլիոն 49.4 հազար դրամ, իսկ արտասահմանյան գործուղումների վրա՝ 52 միլիոն 287.92 հազար դրամ:

Կարդացեք նաև

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 746 աշխատողներին 2013թ. ՀՀ տարածքում գործուղումների իրականացման համար վճարվել է 67 միլիոն 991.2 հազար դրամ, իսկ ՀՀ տարածքից դուրս 9 աշխատողների գործուղումների իրականացման համար՝ 7 միլիոն 74.9 հազար դրամ: Համաձայն նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության՝ 2014թ. 765 աշխատողներին ՀՀ տարածքում գործուղումների համար վճարվել է 14 միլիոն 873 հազար դրամ, իսկ ՀՀ տարածքից դուրս մեկ աշխատողի գործուղման համար՝ 709.3 հազար դրամ:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ի պատասխան հարցման` հայտնել է, որ 2013թ. և 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին նախարարության կողմից կատարված գործուղումների փաստացի ծախսերը կազմել են 9 միլիոն 661.4 հազար դրամ: 2013թ. ծախսվել է 7 միլիոն 113 հազար դրամ, որից 2 միլիոն 267.9 հազար դրամը ծախսվել է արտասահամանյան գործողումների համար: 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին ընդհանուր առմամբ ծախսվել է 2 միլիոն 548.4հազար դրամ, որից 651.5 հազար դրամը ծախսվել է արտասահմանյան գործուղումների վրա:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ ՀՀ տարածքում և դրանից դուրս կատարված գործուղումների համար 2013թ. ծախսվել է համապատասխանաբար` 13 միլիոն 717.9 հազար և 5 միլիոն 668.6 հազար դրամ: 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին ծախսվել է համապատասխանաբար` 11 միլիոն 67.5 հազար և 3 միլիոն 92.3 հազար դրամ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն ի պատասխան հարցման` հայտնել է. «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը 2013թ. ներքին գործուղումների համար ծախսել է բյուջեով պլանավորված 4 միլիոն 770.7 հազար դրամ: 2014թ. ներքին գործուղումների գծով պլանավորված 6 միլիոն 201.5 հազար դրամից հունվար-օգոստոս ամիսներին ծախսվել է 1 միլիոն 966.6 հազար դրամ: Պետական բյուջեով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գծով արտասահմանյան գործուղումների ծախսեր նախատեսված չեն: Դրանք իրականացվում են ՀՀ վարչապետի որոշումներին համապատասխան՝ ՀՀ կառավարության համար այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին»:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության՝ 2013թ. ՀՀ պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղումների նպատակով ծախսը կազմել է 15 միլիոն 534.1 հազար դրամ, իսկ 2014թ. հունվարից մինչև օգոստոսի 1-ը՝ 10 միլիոն 441.6 հազար դրամ: Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ 2013թ. գործուղումների նպատակով ծախսը կազմել է 26 միլիոն 289.4 հազար դրամ, իսկ 2014թ. հունվարից մինչև օգոստոսի 1-ը՝ 8 միլիոն 622.6 դրամ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից հայտնել են, որ նախարարության համակարգում ոլորտի աշխատակիցների գործուղման ծախսերը 2013 թվականին ՀՀ տարածքում կազմել են 3 միլիոն 253 հազար դրամ, ՀՀ տարածքից դուրս՝ 27 միլիոն 503 հազար դրամ, իսկ 2014 թվականի հունվար-oգոստոսին՝ ՀՀ տարածքում՝ 1 միլիոն 504 հազար դրամ, ՀՀ տարածքից դուրս՝ 4 միլիոն 583 հազար դրամ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ 2013թ. գործուղումներ վրա ծախսվել է` ՀՀ տարածքում` 8 միլիոն 667 հազար դրամ և ՀՀ տարածքից դուրս` 8 միլիոն 382 հազար դրամ: 2014 թվականի 29.09.2014 թ. դրությամբ` գործուղումներ վրա ծախսվել է` ՀՀ տարածքում` 2 միլիոն 745.9 հազար դրամ, և ՀՀ տարածքից դուրս՝ 7 միլիոն 98.1 հազար դրամ:

ՀՀ սփյուռքի նախարարությունից հայտնել են, որ 2013թ. ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս կատարված գործուղումների վրա ծախսվել է համապատասխանաբար` 198 հազար դրամ և 8 միլիոն 81.938 դրամ: 2014թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս կատարված գործողումների վրա ծախսվել է համապատասխանաբար 74.5 հազար դրամ և 8 միլիոն 524.8 հազար դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ 2013թ. նախկին ՊԵԿ-ն ու նախկին ֆինանսների նախարարությունը ՀՀ տարածքում գործուղումների վրա ծախսել են 144 միլիոն 591.5 հազար դրամ. որից 100 միլիոն 668.8 հազար դրամը կազմում են նախկին ՊԵԿ-ի կողմից ծախսված գումարները, 43 միլիոն 922.7 հազար դրամը՝ նախկին Ֆիննախի կողմից ծախսված գումարները: 2013թ. նախկին ՊԵԿ-ը ՀՀ տարածքից դուրս կատարված գործուղումների վրա ծախսել է 82 միլիոն 465.9 հազար դրամ, նախկին Ֆիննախը՝ 39 միլիոն 868.9 հազար: Երկու կառույցների կողմից ՀՀ տարածքում կատարված գործուղումների գումարն ընդհանուր առմամբ կազմել է 144 միլիոն 591.5 հազար դրամ, ՀՀ տարածքից դուրս գործուղումների վրա ծախսված գումարը՝ 122 միլիոն 334.8 հազար դրամ:

2014թ. նախկին ՊԵԿ-ի և Ֆիննախի կողմից ներքին գործուղումների վրա ծախսվել է 71 միլիոն 876.3 հազար դրամ, ՀՀ տարածքից դուրս գործուղումների վրա՝ 89 միլիոն 383.1 հազար դրամ:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ վերը նշված 11 նախարարությունները (բացի Արդարադատության և Պաշտպանության նախարարություններից) միասին կես տարում գործուղումների վրա ծախսել են ընդհանուր առմամբ 432 միլիոն 781 հազար դրամ (շուրջ 1 միլիոն 55 հազար դոլար)։ Նշված գումարից 108.3 միլիոնը բաժին է ընկնում` ՀՀ տարածքում, 344.4 միլիոնը՝ արտասահմանյան գործուղումներին։

Տեսանյութեր

Լրահոս