
Էկոնոմիկայի նախարարությունը անընդունելի էր համարել շրջանառության հարկի փոփոխությունը

Պարզվում է՝ «Շրջանառության հարկի» մասին օրենքի փոփոխությունը, որն առաջացրել է փոքր ու միջին առևտրականների դժգոհությունը, ի սկզբանե բացասական եզրակացություն է ստացել էկոնոմիկայի նախարարության կողմից։ Ինչպես հայտնի է, ցանկացած օրինագիծ մինչև կառավարության հավանությանն արժանանալը և ԱԺ ուղարկվելը, գնահատվում է տարբեր գերատեսչությունների կողմից։ Յուրաքանչյուր նախարարություն իր գծով եզրակացություն է ներկայացնում տվյալ օրինագծի ազդեցության վերաբերյալ։ Էկոնոմիկայի նախարարության եզրակացությունը եղել է… բացասական։
«Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն»,- պնդման տակ ստորագրել է այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը։ Իսկ եզրակացությունը ամփոփվում էր հետևյալ նախադասությամբ. «Հաշվի առնելով վերոնշյալը` ներկայացված բովանդակությամբ Նախագիծը համարում ենք անընդունելի»։
Թե ինչու այդ եզրակացությունը ոչ ոք չնկատեց, հաշվի չառավ և օրինագիծն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը, կարդացեք «168 Ժամ» թերթի հինգշաբթի օրվա համարում։