Քաղաքագետ. Հայաստանն ավելի շատ համընկնող շահեր ունի ՌԴ-ի հետ, քան շատ ու շատ այլ երկրների

Քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ հաշվի առնելով Ռուսաստանի ճնշումը և անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանը նաև «լոյալության» թեստն է անցնում: «Հասկանալի է, որ Ռուսաստանը անվանգության օղակը Հայաստանի վրա նույնպես կշարունակի ավելացնել, ինչը նաև կանդրադառնա Ռուսաստանի և Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության ֆորմատի վրա: Ադրբեջանը չի փորձում ռազմական գործողությունները վերսկսել նաև ելնելով այն ռազմատեխնիկական բալանսից, որը պահպանվում է շփման գոտում և որի մի մասը հայկական կողմից հանդիսանում է արտոնյալ ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ»:

Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Հայաստան-ԼՂՀ համագործակցությունը մի միության մեջ, որի երկու հիմնադիր անդամները անընդհատ դեմ են արտահայտվում ԼՂՀ հակամարտությանը և ավելի շատ առաջ են տանում Ադրբեջանի գաղափարախոսությունը, քաղաքագետը պատասխանեց. «Հայաստանն ավելի շատ  համընկնող շահեր ունի ՌԴ-ի հետ, քան շատ ու շատ այլ երկրների, հետևաբար Ղազախստանը և Բելառուսը հասկանում են, որ եթե Հայաստանը անդամակցի, ապա դա կուժեղացնի Ռուսաստանի լծակները այդ կազմակերպության մեջ:

Հայաստանի և ԼՂՀ-ի հարցերը ավելի շատ լծակներ են, քան իսկական պատճառը, որովհետև չեմ կարծում՝ Ղազախսատնի կամ Բելառուսի համար դա ինչ-որ կարևոր արտաքաին քաղաքականության խնդիրներից կամ շահերից է հանդիսանում:
Պաշտոնապես ո՛չ Ղազախստանը, ո՛չ Բելառուսը հակահայկական քաղաքականություն չունեն, և այդ երկրների մոտեցումները համընկնում են Մինսկի խմբի այն պաշտոնական մոտեցումներին, որոնք որ կան:

Ոչ ոք չի հերքում այն հանգամանքը, որ Ադրբեջանի և Ղազախստանի միջև թյուրքական սոլիդարության գաղափարը կա, բայց դա ամենակարևորը չէ: Ի վերջո չմոռանանք այն հանգամանքը, որ գոնե ֆորմալ տեսանկյունից և՛ Ղազախստանը և՛ Բելառուսը հանդիսանում են Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցներ և ՀԱՊԿ-ի շրջանակներում ունեն պարտավորություններ՝ ՀՀ տարածքի վտանգի դեպքում օգնել ուղղակի ռազմական միջամտությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս