
«Այդ քո գեղեցիկ աչքերի համար քեզ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ դարձրի՞ն, երկիրը ծախեցիր, քո անձնական հարստությունները կուտակեցիր». Պ. Հայրիկյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

«Իմ պատկերացմամբ, Հայաստանի համար ամենակարևոր խնդիրը նրա արտաքին ռազմավարական կողմնորոշումն է արժեքային համակարգով: Մեծագույն խնդիրն այսօր՝ դեպի քաղաքակիրթ աշխա՞րհ, թե՞ դեպի ձախողման դատապարտված, բռնապետական սկզբունքներով առաջնորդվող Ռուսաստան»,- ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի ներքին խնդիրներին:
Պ. Հայրիկյանի խոսքով՝ այդ հարցն էլ, սակայն, իր հերթին ածանցյալ հարց է. «Մենք այդպիսի հարց չէինք ունենա, եթե Հայաստանը լիներ իրոք ժողովրդավարական: Եթե Հայաստանում իսկապես լիներ բացարձակ ժողովրդավարության համակարգը, ժողովուրդը, ողջախոհ քաղաքացիները կլինեին իրավիճակի տերը և ոչ թե պատեհապաշտ քաղաքական գործիչները կամ քաղաքականության մեջ մտած, խցկված բիզնեսմենները: Որևէ քաղաքացու հարցերք՝ ո՞ւր ես ուզում գնալ հանգստանալու՝ Հռո՞մ, թե՞ Պետերբուրգ: 10-ից 9-ը կասի՝ իհարկե Հռոմ: Այսինքն՝ մեր քաղաքացին հասկանում է՝ ինչն ինչ արժի: Այլ բան է, որ զանգվածին ստիպել են (ոչ միայն հայաստանյան դրածոները), որ մենք պետք է Ռուսաստանի հետ լինենք: Ամենակարևոր խնդիրն այսօր 1991 թվականի անկախության հանրաքվեի նկատմամբ քամահրական վերաբերմունքն է: Այդ թվականին մեր ժողովուրդը «ոչ» է ասել Ռուսաստանի հետ համագործակցությանը: Չես կարող ազատ ու անկախ լինել՝ բռնապետական Ռուսաստանի հետ համագործակցելով»:
Պ. Հայրիկյանը նկատեց, որ հոկտեմեբերի 10-ին, երբ ոչ իշխանական եռյակը պատրաստվում է հանրահավաք անել, նաև ԵՏՄ-ին միանալու հարցն է քննարկվելու, ու ինքը համոզված է, որ այդտեղ էլ «սայլը տեղից չի շարժվելու». «Որովհետև մեր թշնամիները հասել են իրենց գերագույն նպատակին: Չկա աշխարհում այդպիսի կարգ, որ ազգային ունեցվածքը դու տաս հնարովի պարտքերի դիմաց: Մեր իշխանություններին այնպես են ստրկացրել, որ այդ սրիկայությունն արած անձն այսօր դեռ խոսում է քաղաքականություն վերադառնալու մասին: Այդ քո գեղեցիկ աչքերի համա՞ր քեզ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ դարձրին: Երկիրը ծախեցիր, քեզ չպատկանող երկիրը ձրի տվեցիր ու քո անձնական հարստությունները կուտակեցիր: Հիմա այդ մարդը մտածում է իր քաղաքական կյանք վերադառնալու մասին: Սա ինքնին վկայությունն է այն մասին, որ Հայստանում չկա առողջ մտածելակերպ, որովհետև ցանկացած 10-ից 9 հայ այսօր պետք է ասեր՝ «գույք պարտքի դիմաց» գործարք կատարող մարդը հայրենիքի դավաճան է, մեր ժողովրդի՝ թշնամին»: