Պետոյի, Կարոտի ու մեր մյուս հայրենամարտիկների սխրանքները դաստիարակում են սերունդներ
Հոկտեմբերի 3-ին «Հայրենապաշտ սերունդ» ծրագրի շրջանակներում «Արգիսդի» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հյուրընկալվեց Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում։ Միջին դասարանների շուրջ 70 աշակերտներ դիտեցին Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի (Պետո) և անհետ կորած Կարոտ Մկրտչյանի (Ջամբազի արծիվ) մասին պատմող ֆիլմերը։ Պատահական չէին ընտրվել Պետոն և Կարոտը. երկուսն էլ նույն գյուղից էին, մանկության ընկերներ, ովքեր միասին էլ գնացին ու պայքարեցին հանուն հայրենիքի։ Երկու ընկերների օրինակով ասվեց, որ այսօր աշակերտական սեղանի մոտ կողք-կողքի նստած պատանիներն են վաղվա մեր պատմության կերտողներն ու երկիրը զարգացնողները։
«Հայրենապաշտ սերունդ» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
«Արգիսդի» ՀԿ նախագահ Միհրան Գալստյանը նշում է, որ ծրագրի նպատակը երիտասարդ սերնդի մեջ հայրենասիրություն սերմանելն է, ազատամարտիկների կյանքի, սխրանքների մասին երեխաներին տեղեկացնելը, որպեսզի վերջիններս ճանաչեն՝ ում շնորհիվ են ապրում։
«Երեխաների գիտակցության մեջ արմատավորվում է այն, որ Արցախյան ազատամարտը մեր գոյության նախապայմաններից է։ Ինչպես Մոնթե Մելքոնյանն էր ասում՝ եթե կորցնենք Արցախը, կթերթենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը։ Պահպանելով Արցախը, տալով ավելի քան 7000 զոհ՝ մենք պահպանեցինք մեր ինքնությունը։ Եվ դա փորձում ենք երեխաների մեջ սերմանել։
Լինում ենք սահմանամերձ գյուղերում, մասնավորապես, եղել ենք ազատամարտին ինտենսիվ մասնակցած Խաչիկ գյուղում»,- ասում է Միհրան Գալստյանը։
Նա նշում է, որ պատանիներն ու երիտասարդները որոշակիորեն տեղեկացված են Արցախի հերոսամարտի մասին. «Փորձով համոզվեցինք, որ բավական է կայծ տալ, և երեխաների աչքերի ու հոգու մեջ վառվում է հայրենասիրության կրակը։ Մենք շեշտը դնում ենք փոքրիկ հետաքրքրության վրա, որ հետո պետք է ոգեղենանա։ Մենք հիմա սերմ ենք ցանում, որպեսզի համապատասխան ժամանակ հնձենք։ Պետք է յուրաքանչյուր երեխայի հետ աշխատել»։
Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի աշակերտներ Տիգրան Սահակյանը, Դավիթ Մանուկյանը և մյուսները նշում են, որ սա արդեն 2-րդ հանդիպումն է «Արգիսդի» ՀԿ-ի հետ։ Սիրով են մասնակցում հայրենասիրական միջոցառումներին ու ծանոթանում մեր զոհված ու կենդանի հերոսների կյանքին։ Թվարկում են մեր հայրենամարտիկների անունները՝ Անդրանիկից, Նժդեհից մինչև Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան, Բեկոր ու Արմեն Հովհաննիսյան։ Ասում են, որ ծրագրի ընթացքում ստացած տեղեկությունների շնորհիվ այսօր հաճախ են համացանցում բացում «Խոնարհ հերոսներ» կամ «Հայերը» ֆիլմաշարերը և ծանոթանում մեր պատմությանը, ազատամարտիկների կենսագրությանը։
Ծրագիրն անցկացվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և տասը գյուղերում։ Անցկացվում են հանդիպումներ ազատամարտիկների հետ, խաղ-մրցույթներ, շարադրությունների մրցույթներ, կկազմակերպվի այց «Եռաբլուր» պանթեոն և «Մայր Հայաստան» զինվորական թանգարան: Եղեգնաձոր կհրավիրվեն «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնության անդամները, ովքեր հայկական պարի դասընթացներ կանցկացնեն: ՀԿ-ի կողմից դպրոցներին են տրվում ցուցատախտակներ, որտեղ տեղ են գտել արցախյան հերոսների մասին կենսագրական և այլ նյութեր:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն