Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել բոլոր ուսուցիչներին

Ուսուցչի օրվա առթիվ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հղել է շնորհավորական ուղերձ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի ուսուցիչներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Դուք կրթում ու դաստիարակում եք մեր հանրապետության ապագա քաղաքացիներին, գիտելիքների հետ միասին նրանց տալիս կյանքի առաջին դասերը, եւ հենց դրանից է նաեւ մեծապես կախված, թե ինչպիսին կլինի մեր հայրենիքի ու ժողովրդի ապագան: Դրանով իսկ դուք ձեր արժանի ավանդն եք բերում Արցախի անկախ պետականության կերտման, նրա զարգացման ու զորացման գործին:

Մենք քաջ գիտակցում ենք, թե ինչպիսի բարդ ու պատասխանատու աշխատանք եք իրականացնում դուք, բայց եւ միաժամանակ անչափ շնորհակալ աշխատանք: Մեզնից յուրաքանչյուրը, երբ եւ որտեղ էլ որ հանդիպի իր ուսուցչին, միշտ խորին հարգանքի զգացումով է մոտենում նրան, ցանկանում թեկուզ փոքր ինչ օգտակար լինել, փոխանցել նրան այն ջերմությունն ու հոգատարությունը, որ ստացել է տարիներ առաջ: Դա դարերից եկած վերաբերմունք է, որ մեր ժողովուրդը միշտ ունեցել է ուսուցչի մասնագիտության հանդեպ:

Կրթված ու զարգացած սերունդ ունենալը ժամանակի պահանջ է եւ մեր առաջնահերթ խնդիրներից մեկը: Այդ իսկ պատճառով պետությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում կրթության ու գիտության ոլորտը:

Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք` ձեզ եւ ձեր ընտանիքներին»:

 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ  

Տեսանյութեր

Լրահոս