
Ոստիկանները մեծ քանակությամբ թմրամիջոց են հայտնաբերել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության, Վաղարշապատի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 18.20-ին, Փարաքար գյուղի ՃՈ անշարժ պահակակետի մոտից, թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Օնիկ Ա.-ին, 1993 թ. ծնված Էդուարդ Ե.-ին և 1986 թ. ծնված Տիգրան Գ.-ին՝ Օնիկ Ա.-ի վարած «Ֆորդ-Մոնդեո» մակնիշի ավտոմեքենայով:
Մեքենայի առջևի աջ նստելատեղի վրայից հայտնաբերվել է Տիգրան Գ.-ին պատկանող, 0.01 գրամից քիչ քանակություն կազմող դեղնականաչավուն, չորացված և մանրացված թմրամիջոցի նմանվող զանգված:
Խուզարկությամբ նրա մոտ, 2 փաթեթների մեջ լցված, հայտնաբերվել է մոտ 0.6 և 0.3 գ դեղնականաչավուն, չորացված և մանրացված թմրամիջոցի նմանվող զանգված, Էդուարդ Ե.-ի մոտ՝ 1.3 գ դեղնականաչավուն, չորացված և մանրացված թմրամիջոցի նմանվող զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին:
ՀՀ Ոստիկանություն