Ինչո՞ւ «Օլանզապին» հոգեմետ դեղորայքի որակից դժգոհություններին ընթացք չի տրվում
Վերջերս քաղաքացիներից հաճախ են ստացվում բողոքներ այն մասին, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բազմաթիվ մարդիկ այժմ ծանր վիճակում են գտնվում պետական գնումների արդյունքում ձեռք բերված և հիվանդներին տրամադրվող անորակ հոգեմետ դեղորայքի պատճառով:
2012թ. դեկտեմբերին հոգեկան հիվանդության խնդիրներ ունեցող մի խումբ քաղաքացիներ ու նրանց հարազատները նույնիսկ այդ խնդրի կապակցությամբ նամակով դիմեցին ՀՀ նախագահին: Դեռևս 2012թ. նրանք նշում էին, որ 2005 թվականից հնարավորություն են ունեցել անվճար ստանալ «Զիպրեքսա» դեղամիջոցը, որի շնորհիվ բարելավվել է նրանց առողջական վիճակը, նրանց մեծ մասի մոտ հիվանդության սրացում 2005թ. սկսած չի եղել, նրանցից շատերը շարունակել են ուսումը, ընդունվել աշխատանքի:
2012թ. դեկտեմբերից, սակայն, հոգեկան հիվանդություն ունեցող քաղաքացիները ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացել էին, որ դեղի պետգնման հերթական մրցույթն է հայտարարվել: «Մրցույթին հաղթում է առավել ցածր սակագին ունեցող դեղը: Մեր ունեցած տվյալներով, մրցույթին մասնակցելու է այնպիսի դեղ, որի հումքը ստացվում է Հնդկաստանից, և որի որակի մասին չկան որևէ գիտական հետազոտություններ: Մենք չենք ցանկանում ենթարկվել նոր փորձության և վտանգի տակ դնել մեր բարելավված առողջությունը, քանի որ «Զիպրեքսան» իր արդյունավետությունն է թողել մեզ վրա, իսկ պարբերաբար ստանալով հնդկական և այլ անորակ հումքով պատրաստված դեղերը, մենք մեզ վրա նկատել ենք այդ դեղերի բազմակի անցանկալի և կողմնակի երևույթները:
Հայցում ենք Ձեր միջամտությունը և ակնկալում ենք, որ Դուք չեք թույլ տա, որպեսզի հարյուրավոր հիվանդներ ստանան անորակ դեղ, որը չնչին չափով է էժան, քան նախորդ դեղը: Քանի որ մենք և մեր հարազատները Ձեր ընտրողների մի հոծ խումբ ենք, ակնկալում ենք Ձեր շուտափույթ միջամտությունը, որը կտա այս հարցի բավարար և վերջնական լուծումը: Թող Աստված Ձեզ ուժ, կարողություն և իմաստություն տա մեզ կառավարելու համար»,- ասված էր 2012թ. դեկտեմբերին ՀՀ Նախագահին ուղղված նամակում: Խնդիրը, սակայն, մինչ օրս լուծված չէ:
2014թ. մայիս-հունիս ամիսներից ամերիկյան «Զիպրեքսա» դեղի փոխարեն հիվանդները ստանում են հայկական «Արփիմեդ» ՍՊԸ արտադրության «Օլանզապին» հոգեմետ դեղորայքը: «Արփիմեդ» ՍՊԸ-ն տեղակայված է Աբովյան քաղաքում, և թերևս այդ էր պատճառը, որ որոշ ԶԼՄ-ներ ենթադրել էին, որ այն պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Այս տեղեկատվությունն ամիսներ առաջ հերքել էր Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միությունը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը, ըստ որի՝ ՀՀ կառավարության առաջիկա նիստում ընդունվելու է որոշում՝ «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը երեք տարի գործողության ժամկետով հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին, և, որ ընկերությունը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության հայտարարության մեջ ասվում էր. «1. «Արփիմեդ» ՍՊԸ-ն արդեն իսկ իրականացնում է հոգեմետ նյութերի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեություն՝ ըստ ՀՀ կառավարության նախկինում ընդունված որոշման տրված լիցենզիայի, որը նույնպես տրամադրվել էր եռամյա ժամկետով. խոսքն այս դեպքում, ըստ էության, լիցենզիայի վերատրամադրման և վերագրանցման մասին է:
2. «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի պատկանում Գագիկ Ծառուկյանին»»:
«Արփիմեդ» ընկերության հիմնադիրները, ըստ պետռեգիստրի տվյալների, Վաչագան Ղազարյանը և Արտակ Հարությունյանն են։
168.am-ի տեղեկություններով՝ ընկերությունը պատկանում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, և հիմնադիրներից Արտակ Հարությունյանը նրա որդին է: Ընկերության տնօրեն և մյուս բաժնետեր Վաչագան Ղազարյանը և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը համագյուղացիներ են՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից են: Եվ այս է պատճառը, որ «Արփիմեդի» դեղորայքին այսքան մեծ տեղ է տրվում, չնայած այն հանգամանքին, որ դրանից տարիներ շարունակ դժգոհում են և՛ հիվանդները, և՛ նրանց հարազատները, և՛ հասարակական տարբեր կազմակերպությունները:
Գնումների պետական կոմիտեի կողմից անցկացվող դեղերի գնման մրցույթների ժամանակ «Արփիմեդ» ՍՊԸ-ն բազմաթիվ անգամներ է հաղթող ճանաչվել։ Ինչպես հայտնի է՝ Գնումների պետական կոմիտեի մրցույթին հաղթելու թիվ մեկ պայմանը ցածր գին առաջարկելն է, և այս ընկերությունն «Օլանզապին» և այլ հոգեմետ դեղորայքների համար շատ ցածր գին է առաջարկում: Նաև այս է պատճառը, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները որևէ լուրջ անդրադարձ չեն կատարում քաղաքացիների ահազանգերին:
168.am-ն այս խնդրին թեև բազմիցս անդրադարձել է, այնուամենայնիվ ՀՀ առողջապահության նախարարությունից պարզաբանումներ ստանալու համար զրուցել է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի հետ: Վերջինիս խոսքով՝ նախարարի հանձնարարականով ստեղծվել է խումբ, որպեսզի մշտադիտարկում լինի, որ բժիշկները հիվանդների կողմից արտահայտված բոլոր դժգոհությունները՝ այս կամ այն դեղորայքի հետ կապված, խմբավորեն, և տարվա վերջին ստացվի ընդհանուր պատկեր՝ եզրահանգումների գալու համար:
«Այն պրեպարատը, որ ստանում էինք Ամերիկայից, օրիգինալն էր, և որպես օրենք՝ բոլոր փոխարինողներն էլ չենք կարող համեմատել բրենդի հետ: Դրանք որոշ չափով, իհարկե, կզիջեն, չնայած այս պահին չկան կոնկրետ տվյալներ, որոնցով կառաջնորդվեինք՝ բացի սուբյեկտիվ կարծիքներից: Մենք ուսումնասիրության էինք դրել ամերիկյան և լեհական արտադրության «Զիպրեքսաները», և արդյունքում տեսանք, որ լեհական դեղամիջոցի ստացման ընթացքում եղել են որոշակի սրացման երևույթներ հիվանդների մոտ: Հիմա նույն ուսումնասիրությունները տարվում են նաև ամերիկյան ու հայկական արտադրության դեղամիջոցների հետ կապված: Դրանք նույնպես համեմատվում են, և տեսնենք, թե ինչ արդյունքներ կլինեն: Ես ինքս՝ որպես մասնագետ, շատ բարձր եմ գնահատում ամերիկյան «Զիպրեքսա» դեղամիջոցը: Բայց հիմա աշխարհի շատ երկրներում արտադրվում է «Օլանզապին», և նույնիսկ ամենահարուստ երկրներն էլ շատ քիչ են օգտվում օրիգինալից, քանի որ այն շատ թանկ է: «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ գնումներն ու գնումների գործընթացը պետք է տնտեսող ու արդյունավետ լինեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ Առողջապահության նախարարությունը, գումարներ տնտեսելու պատրվակով՝ կարող է վտանգել մի ամբողջ հասարակություն. հոգեկան հիվանդության սրացումը ոչ միայն հիվանդի ընտանիքի, այլև` շրջապատի, հասարակության, պետության խնդիրն է: Եթե խնդիրը հնարավորինս էժան գին սահմանելն է, ուրեմն ցանկացած վատ որակի դեղորայք կամ բժշկական պարագաներ կարելի է ներկայացնել Գնումների պետական կոմիտեի մրցույթին և հաղթել: Ու հոգ չէ, որ, օրինակ, տվյալ դեղորայքն արդյունավետ չի լինի, կամ բժշկական պարագան անորակ կլինի:
Պատմում են, որ երբ Գնումների պետական կոմիտեի օրենսդրության մեջ վերջին տարիներին առաջարկվող գների հետ կապված փոփոխություններն էին ներկայացվում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ, հանրապետության գլխավոր վիրաբույժներից մեկը կտրականապես դեմ էր արտահայտվել մրցույթին հաղթելու թիվ մեկ պայման՝ ցածր գին սահմանելու հանգամանքին:
Վերջինս նույնիսկ որպես օրինակ նշել էր չինական արտադրության անորակ բժշկական ձեռնոցների ձեռքբերման փաստը, երբ վիրահատության ժամանակ բժիշկը ստիպված է լինում անընդմեջ ձեռնոց փոխել (վատ որակի պատճառով դրանք վիրահատության ընթացքում անընդմեջ պատռվում են), ինչը վտանգավոր է և՛ հիվանդի, և՛ բժշկի համար:
Ինչևէ, մեր այն դիտարկմանը, որ բացի տնտեսող ու արդյունավետ լինելուց՝ դեղորայքը, ըստ օրենքի, առաջին հերթին՝ պետք է արդյունավետ գործի հիվանդների վրա, ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը պատասխանեց, որ ուսումնասիրությունից հետո միայն հնարավորություն կունենան ընդհանրացումներ անել ու կարծիք հայտնել՝ տեղական արտադրության դեղամիջոցն արդյոք արդյունավե՞տ է, թե՞ ոչ: «Եկեք «բազմաթիվ հիվանդներ» ասվածը չչափազանցնենք. ժամանակին «Զիպրեքսա» ստանում էր հիվանդներից 300-320 հոգի:
Երբ արդեն փոփոխվեց, և հիմա արդեն տրամադրվում է տեղական արտադրության դեղամիջոցը, իհարկե, բողոքներ, դժգոհություններ եղան մոտ 20%-ի մոտ: Դրա համար էլ տեղում ստեղծվեց աշխատանքային խումբ և կատարվում են ուսումնասիրություններ: Կարծում եմ՝ մոտ ժամանակներում կունենանք ընդհանուր պատկեր և կկարողանանք կարծիք հայտնել տեղական արտադրության դեղամիջոցի արդյունավետության մասին»,- ասաց Սամվել Թորոսյանը: Հիշեցնենք, որ արդեն քանի տարի շարունակ հիվանդները և նրանց հարազատները բարձրաձայնում են իրենց դժգոհությունների մասին և ոչ մի արդյունքի չեն հասնում:
Արդյոք հիվանդների դժգոհությունները բավարար հիմք չե՞ն դեղորայքի որակի մասին կարծիք կազմելու համար: «Շահառուն ինքն է որոշում՝ դեղը լա՞վն է, թե՞ ոչ: Մեր նպատակն այն է, որ արդյունքը տեսնենք՝ ի դեմս մեր հիվանդների առողջականի: Հավատացեք, եթե արդյունքը չերևաց, մենք ինքներս կբարձրաձայնենք խնդրի մասին: Մյուս շաբաթ նորից պետք է գնանք Ավանի կլինիկա, հանդիպենք ու զրուցենք հիվանդների հետ և տեսնենք, թե ինչ գանգատներ կան»,- պատասխանեց Ս. Թորոսյանը:
Սամվել Թորոսյանի խոսքով՝ ժամանակ է պետք, որպեսզի կատարվի հետազոտություն: Մինչև տարեվերջ կլինի մոտ 6 ամսվա փորձ, որը, ըստ նրա, շատ քիչ ժամանակահատված է գիտական եզրակացության գալու համար. «Ասեմ, որ հոգեբույժները հիվանդների հետ են, մենք մի թիմ ենք, մենք իրենց շահերն ենք պաշտպանում, ոչ թե ինչ-որ ֆիրմայի: Ես, իհարկե, շատ կցանկանայի, որ մեր երկիրն այնքան հարուստ լիներ, որ ամենալավ դեղամիջոցը ներկրվեր: Շուտով Ամերիկայից նոր՝ «Ռեսպիրիդոն» դեղամիջոցը կներկրվի: Սպասում ենք առայժմ: Այն ևս նոր սերնդի հոգեմետ դեղամիջոց է, շատ որակյալ, և չեմ կասկածում, որ դա էլ բավականին արդյունավետ կլինի օգտագործման դեպքում: Այն անվճար կգա և անվճար էլ կհատկացվի մեր հիվանդներին»: