
Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի պաշտպանը համաձայն չէ մեղադրանքի հետ

Ինչպես հայտնի է, Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի մեղադրանքը լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու և ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ):
168.am-ի հետ զրույցում Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ ինքը համաձայն չէ մեղադրանքի հետ, այն միանշանակ չի բխում գործի ապացույցներից, կամայական որոշում է, և որ ինքը մոտ օրերս հիմնավոր կերպով կանդրադառնա դրան:
Նշենք, որ մինչ այդ Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետեր և 235-րդ հոդվածի 1-ին մաս):