Լրացվել է Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը
Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ 2014 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում լրացվել է գործով որպես մեղադրյալ ներգրավված Գոռ Առաքելյանի մեղադրանքը, և նրան այսօր նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը;
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ առերևույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Գ.Առաքելյանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև՝ անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Առաքելյանին նախկինում առաջադրված մեղադրանքը լրացվել է ևս 2 մեղադրանքով։
Ի լրումն սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում առաջադրված մեղադրանքի՝ այսօր նրան մեղադրանք է առաջադրվել նաև երկու և ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: