
Բառոզուն պատասխան նամակ է գրել Պուտինին

РБК-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նամակին. «Մենք լրջորեն մտահոգված ենք ռուսական կառավարության ոչ վաղ անցյալի որոշման կապակցությամբ, որն առնչվում է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև առևտրային նոր արգելքների ներդրմանը:
Մենք կարծում ենք, որ այդ որոշման կիրառումը հակասելու է (ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև) Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի կիրառումը ժամանակավորապես հետաձգելու մասին որոշմանը:
ԵՄ-ը պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ փոխգործակցությունը ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումից Ռուսաստանի համար բխող բացասական հետևանքների հարցում:
Ասոցացման համաձայնագիրը երկկողմ է և հետևաբար միջազգային իրավունքին համապատասխան նրանում որևէ փոփոխություն կարող է արվել միայն կողմերից մեկի խնդրանքով ու մյուս կողմի համաձայնության դեպքում»:
Բառոզուի խոսքերով՝ Եվրոպական հանձնաժողովը նախկինի նման պատրաստ է նպաստել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Բառոզուն հույս է հայտնել, որ արագ ու վճռական առաջընթաց կգրանցվի նաև գազի վերաբերյալ անցկացվող եռակողմ բանակցություններում:
Բառոզուն սեպտեմբերի 26-ին Պուտինից նամակ է ստացել ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրից բխող հետևանքների մասին: