
Ռասմուսենը մտադիր է գիրք հրատարակել 21-րդ դարի ռազմավարական մարտահրավերների մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Կոպենհագենում բացել է Rasmussen Global խորհրդատվական ընկերությունը և մտադիր է ռազմավարական խորհրդատվություններ տալ կառավարություններին, համաշխարհային կազմակերպություններին ու խոշոր կորպորացիաներին:
Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում դանիացի Ռասմուսենին փոխարինել է նորվեգացի Յենս Սթոլթենբերգը: Նույն օրը Ռասմուսենը հայտարարել է իր նոր նախագծի մասին՝ ընդգծելով, որ շարունակելու է կենտրոնանալ միջազգային համագործակցության, անդրատլանտյան հարաբերությունների, ԵՄ-ի ու գլոբալիզացիայի հարցերի վրա:
Բացի այդ, Ռասմուսենը մտադիր է գիրք հրատարակել 21-րդ դարի ռազմավարական մարտահրավերների մասին: Գիրքը հենված է լինելու նախկինում դանիացի պատգամավոր ու ԵՄ-ի հետ հարցերով բանագնաց, ապա Դանիայի վարչապետ ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի ավելի քան երեսնամյա փորձի վրա: