Ռուսաստանում չի սահմանափակվի համացանցից օգտվելը. Պուտին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը չի սահմանափակի համացանցից օգտվելը և այն չի դնի վերահսկողության տակ, սակայն ապօրինի բովանդակությամբ կայքերը պետք է հաջորդաբար փակվեն:
Այս մասին ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստի ժամանակ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը ֆիքսում է իր տեղեկատվական ռեսուրսների վրա համակարգչային հարձակումների մշտական աճ:
Պուտինն ընդգծել է, որ վերջին կես տարում դրանց քանակն աճել է մի քանի անգամ, ինչը համեմատելի չէ նախորդ տարվա հետ, և պահանջել է ձեռնարկել համացանցի ռուսական սեգմենտի պաշտպանության համալիր միջոցներ: Պուտինի խոսքերով՝ այդպիսի հարձակումների մեթոդները, միջոցնեն ու մարտավարությունը մշտապես կատարելագործվում են:
Պուտինը հայտարարել է, որ մի շարք երկրներ համացանցում ունեցած գերակա դիրքն օգտագործում են ոչ միայն տնտեսական, այլև՝ ռազմաքաղաքական նպատակների հասնելու համար: