Գարիբաշվիլին շնորհավորել է Վրաստանի բնակչությանը՝ կապված «Վրացական երազանքի» իշխանության գալու հետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին շնորհավորել է Վրաստանի բնակչությանը՝ կապված երկրում իշխանափոխության երկրորդ տարեդարձի հետ:
Գարիբաշվիլին հայտարարել է, որ վրաց ժողովուրդը 2012 թվականի հոկտեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում քվեարկելով «Վրացական երազանք» դաշինքի օգտին, առանց վախի կատարեց իր ընտրությունը.
«Հոկտեմբերի 1-ին ժողովուրդն ընտրեց առանց վախի կյանքը, ընտրեց յուրաքանչյուր մարդու հեռանկարը, առաջխաղացումը, բարեկեցությունն ու զարգացումը: Մեր ժողովուրդը հոկտեմբերի 1-ի հաղթանակին հասավ շատ մեծ պայքարով, և հավատացեք, որ պայքարի այդ ուղին անտեղի չէր:
Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ դիմել ժողովրդին ու շնորհակալություն հայտնել այն աջակցության ու վիթխարի վստահության համար, որը նրանք 2012 թվականի հոկտեմբերի 1-ին ցուցաբերեցին մեր քաղաքական ուժին: Այդ հաղթանակը չէր կայանա, եթե չլիներ Վրաստանի բնակաչության մեծամասնության աջակցությունը և բնականաբար պարոն Բիձինա Իվանիշվիլին՝ մեր քաղաքական միավորման առաջնորդը:
Իշխանության գալուց հետո «Վրացական երազանքին» բաժին հասավ ծանրագույն ժառանգություն: Մենք ստիպված եղանք վերացնել պետական կոռուպցիայի փակ շրջանակն ու անպատժելիությունը: Մենք զգալի հաջողությունների հասանք բոլոր ոլորտներում:
Այսօր Վրաստանի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև, որևէ մեկն օրենքից վեր չէ: Մեր իշխանությունները ստեղծում են բոլոր պայմանները նրա համար, որ իսկապես ուժեղացվեն քաղաքացիական հասարակությունն ու ազատ ԶԼՄ-ները»: Գարիբաշվիլին ընդգծել է, որ իրենք շարունակում են հավատարիմ մնալ Վրաստանի եվրաինտեգրման ուղուն: