
Իրանը պլանավորում է առաջիկա 4 տարում մարդ ուղարկել տիեզերք

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պլանավորում է առաջիկա 4 տարում մարդ ուղարկել տիեզերք: Այս մասին հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության տնօրեն Համիդ Ֆազելին:
Նրա խոսքերով՝ Իրանի տիեզերական գործակալությունն ունի տիեզերք մարդ ուղարկելու պլան, որը պատրաստվել է երկրի գիտության զարգացմանն առնչվող «ճանապարհային քարտեզի» շրջանակներում: Ֆազելին հավելել է, որ այդ պլանը նախատեսում է նաև ուղեծիր դուրս բերել մի շարք հեռուստահաղորդակցային արբանյակները:
Այս տարվա մայիսին Ֆազելին հայտարարել էր, որ Իրանը մտադիր է մինչև ընթացիկ տարեվերջ (Իրանում ընթացիկ տարին ավարտվում է 2015 թվականի մարտի 20-ին) ուղեծիր դուրս բերել երեք արբանյակ՝ «Թադբիր», «Շարիֆ» և «Ֆաջր»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ պատրաստ է դառնալ իրանցի առաջին տիեզերագնաց: