«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը չի ազդի գյուղատնտեսության վրա»
«Եթե մենք ֆերմերի, գյուղմթերքն արտադրողի մասին օրենքը չունենք, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը»,-168.am-ի հետ զրույցում նշեց «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը՝ խոսելով հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ մտնող «շրջանառության հարկի մասին» նոր օրենքի՝ գյուղատնտեսության վրա ունեցած ազդեցության մասին:
Նա նկատեց, որ երբ կունենանք գյուղմթերքի արտադրողների մասին օրենքը, այդ ժամանակ էլ կունենաք արտադրանքի հստակ պատկերը. «Թե չէ այսօր ամեն մի չինովնիկ, փորձելով իր աշխատանքը գերազանց լավ ցույց տալ, այսինքն՝ փոշի փչելով հասարակության աչքերին՝ տարբեր թվեր են հայտարարում, ինչ-որ ինքնաբավության մասին են խոսում, որ 2020 թվականին կլինենք ինքնաբավ, բայց երբ նայում ենք այսօրվա թվերին, բանից պարզվում է` այդ 20 թիվը վաղուց անցել են, արդեն 68%-ով ենք ինքնաբավ: Այնպես որ, եթե մենք այսօր ուզում ենք իրոք գյուղի պատկերը տեսնել, և արտադրողն ինքը հաշվետու լինի, պետք է ունենանք ֆերմերի մասին համապատասխան օրենք»:
Մեր հարցին՝ այսինքն՝ «Շրջանառության հարկի մասին» մասին նոր օրենքը ոչ մի ձևով չի՞ ազդի գյուղատնտեսության վրա, Հ.Բերբերյանը պատասխանեց.
«Քանի դեռ մենք օրենք չունենք գյուղմթերք արտադրողի մասին, նրա ֆունկցիաները հստակ դրված չեն, պետության նկատմամբ իր պարտավորությունը և պետության պարտավորությունը գյուղմթերք արտադրողի նկատմամբ դրված չեն, բնականաբար, այդ օրենքի բացը բերում է նրան, որ այսօր մենք չունենք այն արտադրողը, որը պարտավոր է հաշվետու լինել: Թե չէ, գյուղապետի նկարչությունը որևէ կապ չունի արտադրողի հետ: Ոչ մի գյուղապետ չգիտի, թե Ծաղիկ կովը քանի լիտր կաթ է տվել այդ օրը գյուղում»:
Հ.Բերբերյանը հարց է առաջ քաշում՝ եթե դու արտադրողն ես ու եբրևէ հաշվետվություն չես տալիս, քո տեղը ովքե՞ր են հաշվետվություն տալու. «Այսօր փաստացի արտադրողը որևէ ձևով հաշվետու չի՝ ինքը քանի գլուխ կով ունի, որքան կաթ է տվել, քանի տոննա լոլիկ է արտադրել, քանի տոննա վարունգ է արտադրել և այլն: Եթե արտադրողը հաշվետու չի, մենք ո՞նց կարող ենք իրական պատկերն իմանալ: Նույնը անասնապահության մեջ է. եթե մենք համարակալում չունենք, անձնագրավորում չունենք, ո՞նց կարող ենք իրական պատկերն իմանալ: Տարբեր պետական չինովնիկներ մեկ էլ նենց հայտարարություններ են անում, որ մեկը մյուսին հակասում է»:
Անի Քեշիշյան