«Սա ավելի շուտ խաբեություն է, քան իրական պայքար ստվերի դեմ». ՀԴԿ նախագահը՝ շրջանառության հարկի մասին
«Հայաստանը դարձել է աբսուրդի թատրոն, շատ տարօրինակ է, որ օլիգարխը պետք է ստվերի դեմ պայքարի»,-խոսելով շրջանառության հարկի մասին նոր օրենքի դեմ ծավալված ընդվզումների մասին՝ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, եթե կառավարությունն ասում է՝ իր համար միևնույն է՝ ով ուզում է լինել, խաղի կանոննրը նույնն են, շատ լավ է, բայց արդեն 3 ամիս է անցել, այդ խաղի կանոնները ինչո՞ւ չեն գործում. «Եթե դուք ստվերի դեմ իրական պայքար եք ուզում մղել, ստվերը միայն այն չէ, որ իրենք մի մասը չեն հարվում Հայաստանում, ստվերը ահռելի ուրիշ մի կոնգլոմերատ է: Ստվերը նաև այն շահութահարկն է, որը չի հարկվում Հայաստանում, ստվերը նա է, որ ինքն այնտեղից 3-7 դոլարով է առնում, դրսում վաճառում է 50-ից սկսած: Դուք պատկերացրեք՝ ամեն մի շշի մեջ որքան շահույթ է ստանում մարդը և չի հարկվում: Այդ պայմաններում ես ամենամեծ բարերարը կդառնայի: Այսինքն՝ այստեղ խեղվել է ամեն ինչ, բոլոր բարոյական և մնացած նորմերը»:
Խոսելով առևտրականների ծավալած ակցիաների մասին՝ Ա.Սարգսյանը արդարացրեց նրանց բողոքը. «Դուք եկել նրան ասում եք, թե քո միջոցով ուզում եմ խոշորին բերել ստվերից դուրս: Այ քեզ բան, գնա խոշորին բեր: Դու գիտես չէ՞ խոշորի տեղը: Մի մարդ շատ ճիշտ բան էր ասում. ասում էր՝ «ես շուկայում եմ գտնվում, ես կարող է մեկին 1000 դրամով տամ, մյուսին 1500-ով: Ես ո՞նց նշեմ դա»: Դուք եթե ուզում եք, որ նա հարկվի, պարզ է՝ այդ դեպքում պետք է նա, ով մեծածախ ապրանք է բերում, նրան համապատասխան բոլոր փաստաթղթերը տա, թե ինչ գնով է տվել, առել, ինչ գնով է վաճառել և այլն: Սա ավելի շուտ խաբեություն է, քան իրական պայքար, իհարկե, դա հնարավոր չէ այս պայմաններում: Մինչև համակարգը չփոխվի այս բոլորը լինելու է իմիտացիա»:
Անի Քեշիշյան