Ինչ ազդեցություն կունենա Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը նրա առանձնատան մոտ հնչած կրակոցների գործի վրա

2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատանը տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով արդեն տեղի են ունեցել մի քանի դատական նիստեր. առաջիկա դատական նիստերի ընթացքում դատարանը պետք է անցնի գործով տուժողների հարցաքննությանը:

Մեզ հետ զրույցում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանը դատակոչի ենթակա անձանց շարքում չէ: Փաստաբանը նշեց, որ ինքը միջնորդելու է նրան դատարան հրավիրել և հարցաքննել: «Այս քրեական գործով շատ բաներ ես դեռ կհիմնավորեմ Սուրիկ Խաչատրյանի ցուցմունքների տարբեր հատվածներով, նաև տարբեր տեղեր իր արած հրապարակային հայտարարություններով»,- ասաց փաստաբանը: Մեր հարցին՝ ինչ ազդեցություն կարող է ունենալ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Եթե Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակեցին, դա նշանակում է՝ ինքը շատ-շատ լուրջ հովանավորությունից է օգտվում մեր երկրում: Եվ ես, իմ փորձից ելնելով, հասկանում եմ, որ այդ աստիճան ուժեղ հովանավորներ ունեցողները մեր երկրում սովորաբար անձեռնմխելի են արդարադատության համար: Դա մի կողմն է:

Այսինքն՝ եթե նույնիսկ նա նշանակվեր Շիրակի կամ և Տավուշի մարզպետ, միևնույն է՝ ես կհասկանայի, որ մենք Սյունիքում շատ քիչ շանսեր ունենք, որովհետև այդ մարդն ունի շատ լուրջ հովանավորներ: Բայց հիմա դրան գումարվում է այն, որ ինքը նշանակված է մարզպետ հենց Սյունիքի մարզում, որտեղ իրականանում է այդ դատավարությունը: Ես նայել եմ Կապանում իր ունեցած ելույթը, ու ինքն այնտեղ շատ հետաքրքիր բան է ասում:

Ես ընդհանրապես այս գործի մեջ շատ եմ օգտագործելու Սուրիկ Խաչատրյանի ասածները, որովհետև մեր դիրքորոշումը հետո ոչ ոք այդքան լավ չի հիմնավորում, որքան Սուրիկ Խաչատրյանը՝ իր մեկ-մեկ ասած բաներով: Սուրիկ Խաչատրյանն այսպիսի մի բան ասաց՝ ես նաև ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել, որ մենք համագործակում ենք և կհամագործակցենք Սյունիքի ազգային անվտանգության պետի թե ղեկավարի հետ, Սյունիքի դատախազի հետ, դատարանի նախագահի հետ, ոստիկանապետի հետ: Հասկանո՞ւմ եք, ինքը համագործակցել է ու շարունակելու է համագործակցել այն ոստիկանապետի հետ, որի ղեկավարած ոստիկանությունն անմիջապես դեպքից հետո արդեն ամեն ինչ խեղաթյուրում էր: Հասկանո՞ւմ եք, իրենք համագործակցել են ու դեռ շարունակելու են համագործակցել: Եթե ես այդ համագարծակցության մեջ մտնեմ` որպես մի օտար մարմին, ես ինչքա՞ն շանսեր ունեմ: Դրա համար ես, իհարկե, ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացնելու դատարանին հաջորդ դատական նիստին: Նախապես ասում եմ: Իսկ թե ինչպես կլինի՝ ցույց կտա ընթացքը»:

Կարդացեք նաև

Ինչպես հայտնի է, Հայկ Ալումյանը դատարան էր բողոքարկել Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննական մարմնի որոշումը: Դատարանը, սակայն, մերժել էր փատաբանի բողոքը: Մեզ հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց, որ իր այդ բողոքը դատարանը քննեց «ռեկորդային» արագությամբ. նա նշեց, որ նույն դատարան ավելի վաղ իր կողմից ներկայացված են եղել ևս երեք բողոքներ, որոնք վերաբերել են Սուրիկ Խաչատրյանի որդու, նրա թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետանդում չիրականացնելու մասին որոշումներին: Փաստաբանը նշեց, որ ինքը սկզբում չի հասկացել՝ ինչու այդ բողոքը չմիացվեց մյուս բողոքներին, որոնք քննվում են մեկ վարույթում:

Փաստաբանի խոսքով՝ ինքը հարցրել է, թե ո՞րն է այս բողոքը մյուսներին չմիացնելու պատճառը: «Դատարանն այսպես հայտարարեց, ասաց՝ ես քննելու եմ այս բողոքն առանձին ձևով, ու այլևս չբացատրեց` ինչու: Հետո էլ ռեկորդային արագությամբ քննեց այն ու մերժեց: Այդ պահին ես չմտածեցի՝ ինչու է դա այդպես: Ես պարզապես մտածեցի՝ ինքը խառնվածքով այդպիսին է: Հետո արդեն վերաքննիչը շատ արագ քննեց բողոքը, ես բողոք ներկայացրի վճռաբեկ դատարան, բնականաբար, վարույթ չի ընդունի: Հիմա նոր հասկացա՝ ուզում էին՝ շուտ մաքրեին»,- ասաց փաստաբանը:

Հայկ Ալումյանը կասկածներ հայտնեց նաև, որ մինչ այժմ քրեական գործով տուժող ճանաչված Նիկոլայ Աբրահամյանի մարմնից չի հանվել նրան վիրավորած փափուշտը: Նախաքննական մարմինը գտել էր, որ նա վիրավորվել է դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի կրակոցից, սակայն վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր՝ նրա մահվան պատճառով: «Հիմա այդ տղային ասել են, որ չի կարելի հանել այդ գնդակը, որովհետև կյանքը վտանգի տակ կլինի, եթե այդ գնդակը հանեն: Բայց ես, օրինակ, կասկածներ ունեմ, որ չեն հանում, որպեսզի գնդակը փորձաքննության չուղարկվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս