
Աշոտ Աղաբաբյանը մեղադրեց լրագրողներին. Ինչի՞ եք ուզում գրգռեք, մարդուն հանեք ոտի, չգիտեմ` ինչ անեք

«Մենք գիտենք` մարդկանց բողոքն ինչի մասին է և փորձում ենք լուծել: Իսկ դուք ժամանակից շուտ ինչի՞ եք ուզում գրգռեք, մարդուն հանեք ոտի, չգիտեմ` ինչ անեք: Այսինքն՝ դուք ժուռնալիստներով էնքան խելոք եք, իրանց կողմից եք, մենք էլ դեմ ենք, հա՞, էդ ամեն ինչին»,- այսօր ԱԺ-ում շրջանառության հարկի պատճառով առևտրականների բողոքների ցույցերի համար լրագրողներին մեղադրեց ՀՀԿ-ական պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ):
Ըստ նրա՝ ժողովուրդը սխալ ճանապարհով է գնում. «Մենք իրանց բացատրում ենք, որ չի կարելի ընկնել ընդդիմության խելքի հետևից: Ընդդիմությունն էսօր ուզենա, ամբողջ ժողովրդին կհանի ոտի, ինչ ա ինքը նորից գա իշխանության, նորից թալանի ու վերջ: Ընդդիմությունն է փողոց հանում մարդկանց, որը չի կարելի: Հանգիստ պտի նստեն իրանց տեղը, մինչև էս խնդրի լուծումը տան»:
Ա.Աղաբաբյանի խոսքով՝ վաճառականները պետք է փաստաթուղթ ունենան, իսկ եթե խոշորները թուղթ չունեն, պետք է պատժվեն: Նրա կարծիքով՝ կառավարությունը խոշորների տեղը «շատ էլ լավ գիտի», մնում է գտնի ու պատժի: