
Air France-ի օդաչուները որոշել են դադարեցնել երկշաբաթյա գործադուլը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Air France ավիաընկերության օդաչուները որոշել են դադարեցնել երկշաբաթյա գործադուլը: Օդաչուների արհմիության ներկայացուցիչ Գիյոմ Շմիդը հայտարարել է, որ նման որոշում է ընդունվել` չնայած նրան, որ ընկերության ղեկավարության հետ բանակցություններն արդյունք չեն տվել:
Օդաչուների գործադուլը սկսվել էր սեպտեմբերի 15-ին և ավիաընկերության համար արժեցել է օրական մոտ 20 միլիոն եվրո: Ընկերության աշխատակիցները համաձայն չեն եղել ծախսերը կրճատելու մասին ղեկավարության պլանի հետ, որի համաձայն` ավիափոխադրողը փոքր ու միջին հեռահարության չվերթների մեծ մասը պատրաստվում էր հանձնել իր դուստր ձեռնարկությանը` Transaviaին: