
ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում բրենդային ընկերությունների համար արտոնյալ պայմաններ կլինե՞ն

168.am-ի տեղեկություններով՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանում արդեն գործունեություն ծավալած բրենդային ընկերությունների համար պայմանները 3 տարի չեն փոխվելու: Ավելին՝ նշված ժամանակահատվածում ՀՀ մուտք գործել ցանկացող բրենդային ընկերությունները նույնպես կկարողանան նույն պայմաններով աշխատել: Եվ միայն 3 տարի անց բրենդային ընկերությունների վրա կտարածվեն ԵՏՄ-ում սահմանված ընդհանուր կանոնները: Ըստ մեր աղբյուրի՝ սրա նպատակն է այս ժամանակահատվածում հնարավորինս շատ հայտնի բրենդային ընկերություններ հրավիրել Հայաստան:
Տեղեկությունը փրոձեցինք ճշտել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանից, ով սակայն հերքեց, որ հատուկ բրենդային ընկերությունների համար արտոնյալ պայմաններ են լինելու:
«Մենք տարանջատում չենք անում ըստ բրենդերի, այլ տարանջատում ենք անում ըստ ապրանքանիշերի, այսինքն՝ մեքենաների համար ունենք վերապահումներ, դեղամիջոցների համար ունենք, այսինքն՝ ապրանքային կատեգորիաներն են, ոչ թե բրենդային: Բրենդերի մասով նման տարանջատում չկա»,- ասաց Տ.Հարությունյանը: