Արտասահմանյան մեր կրոնական կառույցների ղեկավարները ակտիվորեն խնդիր են դրել օգտագործել ներքաղաքաղական վիճակը
«Ուկրաինական գունավոր հեղափոխության և Վրաստանի գունավոր հեղափոխության ժամանակ ակտիվորեն մասնակցել են խարիզմատիկ աղանդները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոկտեմբերի 10-ին պետք է ստորագրվի Մաքսային միության պայմանագիրը՝ կրոնական կառույցները նույն ձևով Հայաստանին աչքաթող չեն արել և անցյալ ամսվանից ակտիվորեն սկսել են աշխատել»,- ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշեց, որ «Բենիմա» խարիզմատիկ եկեղեցու ներկայացուցիչը եկել էր Հայաստան ու քարոզում էր բոլոր խարիզմատիկ եկեղեցիների հովիվների համար իրենց գործունեության հետ կապված, թե ինչ պետք է իրենք անեն Հայաստանում.
«Միջազգային փորձը ցույց է տվել, որ ցանկացած պետական գործողություն, այն, ինչ կարող է ճակատագրական լինել ազգի համար, արտասահմանն ակտիվորեն օգտագործում է կրոնական կազմակերպությունենրին իրենց «խաղերի» համար:
Գունավոր հեղափոխության հիմքերը հենց դա էր: Եկեք չմոռանանք՝ 1988 թվականը ոնց սկսվեց՝ էոլոգիայի միտինգից, որը հետո վերածվեց ինչի»:
Ա. Ամարյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 18-21-ին մորմոնների կոնֆերանս էր, որտեղ բացի հովիվներից ոչ մի հայ չկար, ու այն տեղի էր ունենում փակ դռների հետևում. «Սա միանշանակ նշանակում է, որ արտասահմանյան մեր կրոնական կառույցների ղեկավարները ակտիվորեն խնդիր են դրել օգտագործել ներքաղաքաղական վիճակը և միանշանակ առնչություն ունենալ»:
Ա. Ամարյանի խոսքով, անցյալ տարի ամռանը՝ օգոստոս ամսին, կրոնական կառույցները մի նոր գաղափարախոսություն մտցրեցին՝ հնարավորինս շատ երիտասարդություն ներքաշել կրոնական կառույցներում. «Հիմնականում դա կատարվում է մանկական ամառային ճամբարների, ուսումնական բուհերի, կենտրոնների միջոցով: Վանաձորում անցյալ տարի բացվեց երիտասարդական, մանկական «Շողք» կենտրոնը, և քաղաքապետն էլ շնորհավորագիր է ուղարկում, որ՝ շնորհակալություն այն ստեղծելու համար, բայց ոչ մեկը չի խորանում, որ այդ կենտրոններում զբաղվում են հենց նույն երեխաների ուղեղների լվացմամբ»: