
«Ռոսնեֆտը» և Exxon Mobil-ը նավթահանք են հայտնաբերել Կարայի ծովում

Lenta.ru-ի փոխանցմամբ` «Ռոսնեֆտ» ընկերությունն ամերիկյան Exxon Mobil ընկերության հետ համատեղ հորատման արդյունքներով նոր նավթահանք է հայտնաբերել Կարայի ծովում: Այս մասին նշված է ռուսական նավթային ընկերության կայքում:
Դրանում նշված է, որ «Ռոսնեֆտը» հաջողությամբ ավարտել է աշխարհի ամենահյուսիսային արկտիկյան «Ունիվերսիտետսկայա-1»-ի հորատումը, որի արդյունքում էլ նավթ է հայտնաբերել: Ընկերությունում ընդգծել են, որ հորատումն իրականացվել է 1.5 ամսվա ընթացքում, իսկ նոր հանքավայրը ստացել է «Պոբեդա» անվանումը:
«Ռոսնեֆտն» ու Exxon Mobil-ը Կարայի ծովում գտնվող «Ունիվերսիտետսկայա» հանքավայրում հորատման աշխատանքներ են սկսել օգոստոսի սկզբին: