
Հասան Ռոուհանին կոչ է արել ակտիվացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը երբեք չի հրաժարվի ատոմային խաղաղ ծրագրից և դրա հետ մեկտեղ երկիրը մտադիր չէ ստեղծել միջուկային զենք: Այս մասին Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները պետք է վարել ավելի ակտիվ: Իրանի նախագահը հայտարարել է, որ «Վեցյակի» հետ բանակցություններն ընթանում են չափազանց դանդաղ` կոչ անելով հասնել միջուկային խնդրի շուրջ վերջնական պայմանավորվածության:
Ռոուհանին նաև հույս է հայտնել, որ կբարելավվեն Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունները` ընդգծելով, որ տվյալ ուղղությամբ պետք է ջանքեր գործադրեն երկու կողմն էլ:
Ռոուհանին ապօրինի է հռչակել Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները: Խոսքը գնում է ինչպես առանձին երկրների, այնպես էլ ՄԱԿ ԱԽ-ի սահմանած պատժամիջոցների մասին: