Լյովա Խաչատրյանը` ՀՀ-ԼՂՀ մաքսակետի մասին. Ղարաբաղը վակուումի մե՞ջ է մնալու

«Ես չգիտեմ` դա դե-ֆակտո՞ է լինելու, թե՞ դե-յուրե է արձանագրված: Մի բան պարզ է, որ Ղարաբաղը, բացի Հայաստանից, ոչ մի ելք չունի: Պետք է հասկանալ՝ դա իրավաբանական ձևակերպո՞ւմ է, թե՞ փաստացի կլինի մաքսակետ: Այժմ մի հատ շլակբաում է դրված Լաչինում ու վերջ, կողքը մարդ չկա կանգնած: Եթե պետք է մաքսակետ գործի, դա պատկերացնել էլ հնարավոր չէ: Մի կողմում Ադրբեջանն է, մյուս կողմում…»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ կողմից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին տրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որի համաձայն ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետ պետք է լինի:

Մեր հարցին՝ արժի՞ արդյոք նման պարտադրանքի դեպքում անդամակցել այդ միությանը, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ հավատում պարզապես, որ դա իրականում կլինի ու կգործի: Ղարաբաղն այլ հնարավորություն չունի այլ երկրի հետ հարաբերվելու: Այսինքն՝ վակուումի մե՞ջ է մնալու Ղարաբաղը: Չեմ կարծում: Իրականությունը, կարծում եմ, այլ կլինի: Իհարկե, նման ոչ մի միություն էլ մեզ պետք չի: Ղարաբաղը ո՞նց է ապրելու: Մի քիչ հաց է արտադրում, ու վերջ: Մի կողմից Ադրբեջանն է, մի կողմից մենք փակենք, մի կողմից էլ Իրանն է, որի հետ հարաբերություն չունի: Ո՞նց է ապրելու»:

Դիտարկմանը, որ ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցելու որոշումը մեկ գիշերում որոշվեց, ինչը հայտարարել է նաև Սերժ Սարգսյանը, Լ.Խաչատրյանը պատասխանեց Մեծարենցի տողերով. «Կարծում եմ, գիշերն անուշ է եղել, գիշերն հեշտագին…»:

Հարցին՝ եթե Վ.Պուտինը պարտադրի մաքսակետ, Ս.Սարգսյանը կկարողանա՞ մերժել, Լ.Խաչատրյանը պատասխանեց. «ՀՀ-ում այնքան գրված օրենքներ կան, որ չեն աշխատում: Կարծում եմ, այդ մեկն էլ չի աշխատի»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս