«Ընդդիմության զբաղմունքն արևմտյան ռեպ կարդալն է». Իրավաբան
«Եթե ընտրեք Հայաստանում 500 ազնվագույն, պրոֆեսիոնալ և Հայաստանի ապագայով մտահոգված մարդու և տեղավորել այսօրվա մեր իշխանության ամենահանգուցային կետերում, ես համոզված եմ` 1 տարի հետո մենք կտեսնենք նույն Հայաստանի երրորդ քայքայվող հանրապետությունը: Այսինքն՝ ես համոզված եմ, որ խնդիրը ոչ թե անձերի մեջ է, այլ կա համակարգային շատ լուրջ հարցեր, որոնք մասամբ կապված են նաև Սահմանդրության հետ»,- այս տեսակետն այսօր հայտնեց իրավաբան Էդուարդ Մամիկոնյանը՝ Հայկական Սոցիալիստական հեղափոխության ճակատի երիտասարդների նախաձեռնությամբ անցկացվող սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարցի քննարկման ժամանակ:
Ըստ իրավաբանի՝ այսօրվա Սահմանդրությունը արգելակում է շատ լուրջ փոփոխություններ ու ռեֆորմներ, որոնց կարիքը Հայաստանն, իրոք, ունի. «Երբ խոսում են Սահմանդրության մասին, մենք պետք է հասկանանք՝ նրա նպատակը ինչն է: Չէ՞ որ մենք տեսնում են 2 շատ ծանր երևույթ՝ հայ ազգի քայքայումը և շատ անարդար հասարակության գոյությունը Հայաստանում: Կա մի երրորդ հարց, որ ցանկացած պրոցես, եթե չի կարգավորվում, պարտադիր բերում է դեգրադացիայի: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխման հիմքը պետք է լինի նպատակը, թե Հայաստանի Հանրապետությունը ի՞նչ նպատակ ունի ընդհանրապես: Ես կարծում եմ, որ առնվազն 2 նպատակ պետք է լինի, որը պետք է ընդգծվի Սահմանադրության մեջ. Դա հայ ազգի պահպանությունն է և Հայաստանում սոցիալական արդարության վրա հիմնված հասարկության կառուցումը»:
Է. Մամիկոնյանը կարծում է, որ պետք է ստեղծվեն այն մեխանիզմները, որոնք ժողովրդին, երկիրը կտանեն դեպի դեպի զարգացում. «Ես համոզված եմ՝ եթե փոփոխություններ չկատարվեն, ուղղակի 2-3 սերունդ հետո մեր ազգը կանգնած կլինի իրոք կործանման շեմին: Խոսքը չի գնում ձևական փոփոխությունների մասին: Կլինի Հայաստանը նախագահական, պառլամենտական, թե ինչ այլ տեսակի հանրապետություն, մեկ է՝ եթե իր բովանդակությամբ շարունակվի այսօրվա պրոցեսը, դա կլինի ֆեոդալական, շահագործական պետություն: Այդ պատճառով մենք բոլորս պետք է կարողանանք այդ խնդիրները ներկայացնենք»:
Ըստ նրա՝ իրենք պետք է փորձեն ստեղծել ժողովրդական Սահմանադրության տեքստ. «Պետք է համագործակցել պետական կառույցների հետ, ես համոզված եմ, որ մեր պետական գործիչների գոնե մեծ մասը իրոք և՛ շահագրգռված են, և՛ մտահոգված են այսօրվա երևույթներով և այսօրվա ընթացող պրոցեսով»:
Իրավաբանի կարծիքով՝ չի կարելի համագործակցել այսօրվա քաղաքական դաշտի հետ. «Ես կարծում եմ՝ դա հնարավոր չէ: Ըստ իս՝ ընդդիմության զբաղմունքն արևմտյան ռեպ կարդալն է, ուրիշ որևէ բան իրենք չեն անում: Իրենք շատ սերտ կապեր ունեն մեր մյուս 2 կուսակցության հետ, իրար հետ իրենք մի անսամբլ են կազմում, որը երաժշտական տերմինով կոչվում է սեքստենտ: Դե թող իրենք իրենց սեքստենտությամբ զբաղվեն, մենք էլ փորձենք ինքնուրույն աշխատանք կատարել»: