
Ադրբեջանը շփման գծի մոտ ընկած տարածքների բնակիչներից ձևավորում է կամավորական ջոկատներ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում՝ շփման գծի մոտ գտնվող բնակավայրերում, պարեկություն են կատարելու տեղաբնակներից կազմավորված կամավորական ջոկատները: Համապատասխան հրամանը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ դա արվում է շփման գծին հարակից տարածքների անվտանգության մեծացման համար:
Ադրբեջանի կառավարությանը հանձնարարվել է 3 ամսվա ընթացքում նախապատրաստել ու Ադրբեջանի նախագահին ներկայացնել «Ռազմական դրության մասին» օրենքի խմբագրված նոր տարբերակ: 1994 թվականին ընդունված այդ օրենքը հատուկ ռեժիմ է նաախատեսում ճակատամերձ շրջանների համար:
Բացի այդ, Ադրբեջանի կառավարությունը պետք է մեկ ամսվա ընթացքում Իլհամ Ալիևին առաջարկներ ներկայացնի «Պետական գաղտնիքի մասին» օրենքին համապատասխան պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածման համար պատասխանատվությունն ուժեղացնելու մասին: