Հովիկ Աբրահամյան. Իրոք, մենք լավ գործ ենք անում
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Օրենսդրական նախաձեռնության նպատակը սահմանամերձ համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացումն է: Այժմ այդ համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներն այլ համայնքներում համանման գործունեություն իրականացնող սուբյեկտների համեմատությամբ գործում են հարկման հավասար պայմաններում:
Որոշմամբ այդ սուբյեկտներն ազատվում են իրենց գործունեության մասով առաջացող հարկերից: Մյուս օրենքների փոփոխությամբ առաջարկվում է միասնականացնել հարկային մարմնի կողմից հաշվարկվող տույժերի չափերը, անցում կատարել հարկային հաշիվների և այլ փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին և այլն:
«Իրոք, մենք լավ գործ ենք անում, – հարցի վերաբերյալ նշել է վարչապետը: – Ես համոզված եմ, որ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի մեր սահմանամերձ համայնքների բնակչությանն աշխատանքով ապահովելուն: Եթե այնտեղ նոր բիզնես-ծրագրեր իրականացվեն, ապա կբացվեն նոր աշխատատեղեր: Պետք է խնդրենք Ազգային ժողովին, որ այս փաթեթն արագ ընդունվի»:
Ամփոփելով հարցի քննարկումը, Հովիկ Աբրահամյանը հավելել է. «Իհարկե, սա շատ լավ փաթեթ է: Մենք այն քննարկել ենք ԱԺ հանրապետական խմբակցության հետ և առաջարկել ենք, որ մյուս խմբակցություններն էլ մասնակցեն: Ազգային ժողովի նախագահն ասաց, որ ցանկություն չի եղել: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ համայնքների մասով օրենքի նախագիծ էր ներկայացրել, Տարածքային կառավարման նախարարության հետ քննարկվում է: Ես առաջարկում եմ, որ ֆինանսների նախարարությունը նույնպես քննարկի, և եթե կան ողջամիտ առաջարկներ և կհամադրվեն մեր նախագծի հետ, ընդունենք»: