Բաժիններ՝

Գագիկ Բեգլարյանը կոչ է անում միայն բացասականը չասել

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ ներկայացվեցին ճանապարհաշինության ոլորտում բացահայտված խախտումները: ՎՊ 5-րդ վարչության պետ Ժորա Մարգարյանը ներկայացրեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կատարման օպերատիվ վերահսկողության արդյունքները ցույց տվեցին, որ խորհրդատվական ծառայություններ մատուցող Սաֆեջ Էս. Ա. (Safege (Ֆրանսիա) և Էպտիսա (Eptisa (Իսպանիա) համատեղ ձեռնարկության կողմից չէին կատարվում պայմանագրային պարտականությունները:

«Ըստ էության, աշխատանքների որակի որևէ վերահսկողություն չէր իրականացվում: Կատարված աշխատանքները չէին համապատասխանում տեխնիկական մասնագրերով, ամերիկյան AASHTO և բրիտանկան BS ստանդարտներով սահմանված նորմերի պահանջներին և որակական չափանիշներին: Աշխատանքների տեմպը դանդաղել էր, որակը՝ նվազել»,- ասաց նա՝ հավելելով, որ ՎՊ վերահսկողության արդյունքում խախտումները վերացվել են:

Ըստ նրա՝ պետական նշանակության ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում, պահպանում և շահագործում, Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրերի տուգման ժամանակ բացաահյտվել են 28 մլն դրամի հավելագումներ, աշխատանքներն իրականացնելիս օգտագործված բիտումը չի ունեցել ծագման ու որակի հավաստագիր, որոշ դեպքերում ասֆալտբետոնի խառնուրդում բիտումի և հանքային փոշու չափաբաժինը, ինչպես նաև բիտումի և օգտագործված խիճի մակնիշը չի համապատասխանում ՀՀՇՆ-ով, ԳՕՍՏ-ով և բաղադրատոմսով սահմանվածին, լաբորատոր հետազոտությունների արդյունքներն արժանահավատ չեն, իսկ մրցույթին մասնակցելու նպատակով մասնակիցների որակավորման պարտադիր պայման հանդիսացող կոնկրետ աշխատանքը հետագայում փոփոխության արդյունքում ամբողջովին հանվել է:

Ուշագրավ էր, որ հաշվետվության ներկայացումից հետո զեկուցողին հարցեր չեղան, նիստն պատգամավորներից ներկա էր միայն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

Այնուամենայնիվ, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ բիտումի որակի ստուգման լաբորատորիա մինչև հիմա ՀՀ-ում գոյություն չունի, և ՎՊ-ն թերացումները բացահայտել է միայն փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում:

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կոչ արեց բացասականից առաջ հայտարարել դրականի մասին. «Կապի նախարարությունում բարձր առաջընթաց է գրանցվել: Եթե գնում ենք դիսկուսիայի, նշեք սա: Դուք լավ գիտեք մեր լրատվամիջոցներին, եկեք ֆիքսենք, որ մինչև հիմա Հյուսիս-հարավում կային թերություններ, բայց վերականգնված են և համատեղ աշխատանքի շնորհիվ բոլոր թերությունները վերացված են, աշխատանքները ժամանակին կավարտվեն»:

ԱԺ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դրվատանքով նշեց, որ՝ այո՛, եթե նախարարությունում նախկինում կար 6.9% հավելագրում, այժմ հավելագրումները իջեցվել են 0.7%:

Ի.Զաքարյանի խոսքով՝ շինոլորտում կիրառվող նորմատիվային փաստաթղթեր կան, որ «Խրուշչովի ժամանակից վերանայված չեն» և նման նորմատիվներով աշխատելը ռիսկային է. «ՎՊ-ն պատրաստակամ է օգնելու վերանայել դրանք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս