Հովհաննես Մանուկյանն անպատասխան թողեց Սուրիկ Խաչատրյանի նշանակման մասին հարցերն ու հեռացավ (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողներին պետք է ներկայացներ կառավարության մշակված օրինագծերները: Լրագրողները նախարարի խնդրեցին նախ ասել, թե որպես գործադիրի անդամ ինչպե՞ս է վերաբերում Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու փաստին: Նախարարն ասաց, որ նախ կփորձի ավարտել իր խոսքը: Լրագրողները նախարարից կրկին հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերում այսօր կատարված նշանակմանը:
«Հարգելի գործընկերներ, Հայաստանի կառավարությունում կա ընդունված կարգ, կառավարության նիստերից հետո կառավարության անդամները այստեղ ներկայացնում են այն հարցերը, որոնք իրենք են ներկայացրել կառավարության քննարկմանը, և այնուհետև պատասխանում են հարցերին: Ես պիտի խնդրեմ ձեզ՝ հարցերը ուղղեք այն հարցադրումների և այն հարցերի շրջանակներում, որոնք Հայաստանի արդարադատության նախարարը ներկայացվել է այսօրվա կառավարության նիստի շրջանակներում:
Եթե ձեզ չի հետաքրքրում դա, ես կփորձեմ հանրությանն այլ կերպ ներկայացնել այն հարցադրումները, որոնք մենք այսօր կառավարության նիստի ընթացքում քննարկել ենք, որովհետև, սիրելի գործընկերներ, այն, ինչ մենք փորձում ենք այստեղ անել, դա անում ենք հանրության համար, և լրագրողները, և մամուլի միջոցները կարևորագույն գործիքներ են, որպեսզի կառավարության խոսքը հասցնեն հանրությանը: Եթե դուք այս պահին չեք ուզում ինչ-ինչ նպատակներով և պատճառներով այդ խոսքը հացնել, ես կփորձեմ այլ եղանակներով մեր դիրքրոշումը հայտնել, կառավարության դիրքորոշումը հայտնել այս կարևորագույն օրենքների վերաբերյալ հանրությանը: Եթե դուք որոշել եք, որ այսօր դա չեք անելու, ես սրանով ավարտում եմ, շնորհակալություն»,- ասաց նախարարն ու հեռացավ դահլիճից՝ անպատասխան թողելով Սուրիկ Խաչատրյանի մասին լրագրողների հարցերը: