Աշխարհը հինգ երկրից ավելի մեծ է. Էրդողան
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ ելույթ է ունեցել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանում:
Հիշեցնելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկից անցել է ուղիղ 100 տարի՝ Էրդողանը հայտարարել է, որ մեկ դար անց նույն տարածքներում խաղաղության, կայունության, անդորրի ու բարօրության փոխարեն առկա են հակամարտություններ:
Էրդողանի խոսքերով՝ այդ հակամարտություններն առնչվում են աշխարհագրական վիթխարի տարածքի. Իրաքից Սիրիա, Պաղեստինից Եմեն, Եգիպտոսից Լիբիա, Աֆղաստանից Ուկրաինա. «21-րդ դարում մարդիկ դեռ մահանում են սովից, հիվանդություններից, կանայք ու երեխաները սպանվում են պատերազմների ժամանակ:
Այն ժամանակ, երբ աշխարհի զարգացած երկրները վարում են բարեկեցիկ կյանք, աշխարհի մնացյալ մասը պայքարում է աղքատության, հիվանդության, թերսնման դեմ: Հաշվի առնելով նաև կլիմայական փոփոխություններն ու երեխաների ապագային սպառնացող վտանգները՝ պետք է ասել, որ մարդկությանը լուրջ փորձություն է սպասվում:
Միայն նախորդ արի համայն աշխարհում մահացել է 5 տարեկանից ցածր 6.3 միլիոն երեխա: Սիրիայի պատերազմի ժամանակ սպանվել է 17.000 և վիրավորվել է 375.000 երեխա, 19.000 երեխա էլ կորցրել է առնվազն մեկ օրգան: Այս տարի էլ միայն Գազայի հատվածում ամենաժամանակից ու մահաբեր զենքերով սպանվեց 490 և վիրավորվեց 3000 երեխա:
Այնպիսի աշխարհում, ուր սպանում են երեխաներին, բոլորն են պատասխանատվություն կրում դրա համար: Այդպիսի աշխարհում ոչ ոք երաշխավորված չէ սպանությունից, որևէ մեկը չի կարող հույս դնել խաղաղության ու բարեկեցության վրա»:
Էրդողանը հայտարարել է, որ աշխարհն ավելի մեծ է 5-ից՝ նկատի ունենալով ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամները (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանաիա): Էրդողանը կարծում է, որ հենց դրա պատճառով է, որ աշխարհը հայտնվել է նոր ճգնաժամի մեջ:
Էրդողանը ՄԱԿ-ին մեղադրել է անգործության ամեջ՝ հիշեցնելով, որ մի քանի ամիս առաջ Պաղեստինում սպանվեց ավելի քան 2000 մարդ, սակայն ՄԱԿ-ը որևէ լուծում չտվեց խնդրին. «Նույնը վերաբերում է Սիրիային, ուր մոտ 4 տարվա ընթացքում սպանվել է ավելի քան 200.000 մարդ, մոտ 9 միլիոն մարդ էլ հարկադրված է եղել լքել սեփական տները»:
Հիշեցնենք, որ Թուրքիան ավելի վաղ նույնպես կոչ էր արել ընդլայնել ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամների թիվը: