Որ ուժերն են գտնվում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետոսյանի ազդեցության տակ
«Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցության տակ շատ քիչ ուժեր կան, հիմնականում նրա համախոհներն են, և դա շատ նորմալ է, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը չունի իշխանություն, չունի լծակներ, չունի գումար, որով կարող էր համախոհներին հավաքել իր շուրջ, ավելի շատացնել: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ապա Ռոբերտ Քոչարյանը համարյա թե բոլոր քաղաքական ուժերում ունի իր կողմնակիցներին, և՛ ՀՅԴ-ի մեջ կան, և՛ ՀՀԿ-ի, և՛ ԲՀԿ-ի»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունների տակ ո՞ր քաղաքական ուժերն են գտնվում:
Քաղաքագետը վստահ է, որ Ռ. Քոչարյանը բազմաթիվ քաղաքական ուժերի մեջ ունի իր կողմնակիցների ստվար զանգվածը. «ՀՀԿ-ն մեկ կուսակցություն է, բայց դրանում տարբեր բևեռներ կան, և այդ տարբեր բևեռներից մի քանիսն անպայման կլինեն Սերժ Սարգսյանի կողքին: Եվ այստեղ խնդիրն այն է, թե ինչ իրավիճակներ կստեղծեն այս քաղաքական անձինք, ես ավելի շատ նկատի ունեմ Ռ. Քոչարյանին և Սերժ Սարգսյանին»:
Մեր հարցին՝ այսինքն՝ հստակ չե՞նք կարող ասել՝ ո՛ր քաղաքական ուժը ո՛ր նախագահի ազդեցության տակ է, Գ. Համբարյանն այսպես պատասխանեց. «Ոչ, որովհետև ժամանակին նույն ՀՀԿ-ն կանգնած էր Ռոբերտ Քոչարյանի կողքին, և այդ նույն անձինք հիմա կան իշխանությունում: Շատ դեպքերում, գուցե, բացեիբաց հայտարարում են, որ կողմ են գործող նախագահի վարած քաղաքականությանը, բայց միևնույն ժամանակ՝ ծածուկ այլ գործունեություն են ծավալում»:
Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծիք էր հայտնել, որ սեպտեմբերի 16-ից հետո «Ժառանգությունն» էլ մտավ «քոչարյանական» ստվերի տակ: Գ. Համբարյանից հետաքրքրվեցինք, թե, ըստ նրա՝ ո՞ւմ ազդեցության տակ է այժմ «Ժառանգությունը»: Գ. Համբարյանն էլ ասաց, որ ինքն ապացույցներ, փաստեր չունի, թե «Ժառանգությանը» հովանավորում է ՀՀ երկրորդ նախագահը. «Այն, որ «Ժառանգությունն» Արևմուտքի պրոյեկտն է, և այն ժամանակ, երբ տեղի էին ունենում ԱԺ ընտրությունները, հենց Արևմուտքի պահանջով «Ժառանգության» մեջ մտցվեցին «Ազատ դեմոկրատներ» կոչվող կուսակցության անդամները, դա փաստ էր: Իսկ ինչ վերաբերում է ներքին հովանավորյալներին, ապա ես այդ մասին տեղեկություններ չունեմ և չեմ կարող ասել»:
Հարցին՝ նրանց դիրքորոշումներից չե՞ք կարող ենթադրել՝ Հայաստանի երեք նախագահներից որևէ մեկի ազդեցության տա՞կ է «Ժառանգությունը», թե՞ ոչ, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Եկեք ճշտենք այն կարևոր խնդիրը, որ այսօրվա դրությամբ «Ժառանգությունն» իր ներսում է շատ պառակտված: Շատ դեպքերում «Ժառանգության» բազմաթիվ անդամներ միմյանց նկատմամբ այնքան էլ բարիդրացիական հարաբերությունների մեջ չեն: Բացարձակ չի երևում հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը, բավական պասիվ կեցվածք է նա ընդունել: Իսկ ինչ վերաբերում է, թե նրանց դիրքորոշումը ո՞ր նախագահի դիրքորոշմանն է ավելի մոտ, ապա պետք է նշեմ, որ հնարավոր է՝ դիրքորոշումների պահով մոտիկություն լինի Ռ. Քոչարյանի հետ, բայց հաստատ ասել, որ սա այս նախագահի կողմից է հովանավորվում՝ անհնար է»: