Հարուցվել է քրեական գործ՝ թարգմանչի կողմից նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ

Երեւանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թարգմանչի կողմից նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ԻԻՀ քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը թարգմանիչ է հրավիրել՝ առերեւույթ հանցագործության կատարման մեջ կասկածվող ԻԻՀ քաղաքացիներին հարցաքննելու համար։

Թարգմանչին օրենքով սահմանված կարգով պարզաբանվել են նրա իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ ակնհայտ կեղծ թարգմանություն կատարելու եւ նախաքննության տվյալները հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։

Թարգմանչի ու պաշտպանի մասնակցությամբ վարույթն իրականացնող մարմինը հարցաքննել է կասկածյալներին, կատարել առերեսումներ, իսկ սեպտեմբերի 22-ին առաջարկել է պաշտպանին եւ թարգմանչին ներկա գտնվել կասկածյալի բնակարանի խուզարկությանը։

Թարգմանիչը, տեղյակ լինելով նախատեսված խուզարկությանը, ըստ քննության տվյալների, իր բջջային հեռախոսահամարից տեքստային հաղորդագրություն է ուղարկել կասկածյալի կնոջը՝ նախապես տեղեկացնելով խուզարկության մասին։
Թարգմանիչը ներգրավվել է որպես կասկածյալ եւ հարցաքննվել։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս